Հղիության առաջին նշանը դաշտանի ուշացումն է առնվազն մեկ օրով։ Հղիությունը կարելի է հաստատել բեղմնավորումից 7-10 օր անց արյան մեջ մարդու խորիոնային գոնադոտրոպին հորմոնի մակարդակի հետազոտության միջոցով, սակայն կան նաև մի շարք ոչ ակնհայտ ախտանշաններ, որոնք կհուշեն հղիության մասին մինչ թեստի հանձնումը։ Այս մասին gazeta.ru-ի հետ զրույցում ասել է գինեկոլոգ-մանկաբարձ Մարիա Սելիխովան։
«Առաջին նշանը հագուստի, սննդի և բույրերի նկատմամբ նախասիրությունների կտրուկ փոփոխությունն է: Պատահում է, որ կինը սկսում է սիրել այն բաները, որոնք նախկինում իրեն դուր չեն եկել, կամ հակառակը՝ կտրուկ հրաժարվում է այն բաներից, որոնք միշտ հաճույք են պատճառել: Երկրորդ նշանը քնկոտությունն է, սրտխառնոցը և փսխումը: Երրորդ նշանը լիբիդոյի փոփոխությունն է։ Ընդ որում՝ այն կարող է կտրուկ լինել՝ ինչպես սեռական ցանկության ավելացման տեսքով, այնպես էլ՝ նվազման»,- պարզաբանել է մասնագետը։
Բժշկի խոսքով՝ հղիության արտաքին դրսևորումներն ի հայտ են գալիս 15-16-րդ շաբաթում։ Այդ ընթացքում արգանդի մեծացման հետևանքով մեծանում է նաև որովայնը, իսկ պտուկների արեոլներն ու որովայնի հատվածի ուղղահայաց գիծն ավելի մուգ երանգ են ստանում։ Ինչ վերաբերում է հղիությանը բնորոշ պիգմենտային հետքերին, ապա դրանք ի հայտ են գալիս 35-րդ շաբաթում։