Գերմանական աստղային Rammstein խմբի 60-ամյա մենակատար Թիլ Լինդեմանի դեմ ոտնձգությունների և բռնաբարության մեղադրանքներից հետո Բեռլինի դատախազությունը քրեական հետաքննություն է սկսել։ Այս մասին հայտնել է Bild-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Քրեական գործ է հարուցվել Գերմանիայի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով (սեռական բնույթի բռնի գործողություններ, սեքսի հարկադրանք, բռնաբարություն):
Ըստ հրապարակման՝ գործը հիմնված է եղել 2 ցուցմունքի վրա։ Նրանցից մեկը գնացել է Բեռլինի ոստիկանություն, մյուսը՝ դատախազություն։
Մայիսի վերջին 24-ամյա իռլանդուհի Շելբի Լինը Twitter-ում գրել էր, որ Rammstein-ի համերգից հետո իր ըմպելիքի մեջ թմրանյութ են ավելացրել, որից հետո խմբի մենակատարը նրան առաջարկել է սեքսով զբաղվել։ Հաջորդ առավոտյան աղջիկն արթնացել է հեմատոմաներով։ Ավելի ուշ նա պարզաբանել է, որ չի մեղադրել Թիլ Լինդեմանին բռնաբարության մեջ։
Դրանից հետո տարբեր երկրներից առնվազն 10 աղջիկներ սկսել են սոցիալական ցանցերում կիսվել մենակատարի մասին նմանատիպ պատմություններով։ Բեռլինում գործող Schertz Bergmann իրավաբանական ընկերությունը, որը ներկայացնում է Լինդեմանի շահերը, հերքել է ոտնձգությունների մասին մեղադրանքները:
Այնուհետև Suddeutsche Zeitung-ը, NDR-ը, Bild-ը և Die Welt-ը հրապարակել են հետաքննություն, որտեղ, ըստ աղջիկների, ենթադրվում էր, որ Rammstein-ի համերգներից հետո խմբի մենեջերները մենակատարի հետ սեքս-փարթիներ են կազմակերպել։ Երգիչը, ըստ տեղեկությունների, լուսանկարներով ընտրել է աղջիկներին։
Ըստ Die Welt-ի՝ երկրպագուների ընտրությամբ զբաղվել է 35-ամյա ռուս Ալենա Մակեևան։