Բիրմինհեմի համալսարանի մասնագետները պարզել են, որ տարեց էգ մկների մոտ ավելի շատ իմունային բջիջներ են եղել մարմնի այն հատվածներում, որտեղ դրանք չպետք է լինեին: Սա ենթադրում է իմունային համակարգի ավելի արագ դեգրադացիա, քան արուների մոտ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Leukocyte Biology ամսագրում:
Ծերացող էգերի մոտ թիմը հայտնաբերել է հատուկ իմունային բջիջների քանակի աճ (օրինակ՝ հակամարմիններ արտադրող B բջիջներ, որոնք ներթափանցում են որովայնի խոռոչ): Բացի այդ, հետազոտողները տարեց էգ մկների մոտ հայտնաբերել են խոռոչի շուրջ արյունատար անոթների ամբողջականության նվազում:
Ուսումնասիրության եզրակացությունները ցույց են տալիս, որ սեռային տարբերությունները նպաստում են օրգանիզմի տարիքային բորբոքմանը. կանանց մոտ իմունային համակարգի աշխատանքը տարիքի հետ ավելի արագ տեմպերով է վատանում, համեմատած նույն տարիքի տղամարդկանց հետ:
Հետազոտության հեղինակների խոսքով՝ կատարված աշխատանքը կօգնի անոթների հիվանդությունների բուժման նոր մեթոդների մշակման հարցում։