Ռուսաստանցի հայտնի հումորիստ, Comedy Club-ի ռեզիրդենտ Պավել Վոլյան բացահայտել է՝ ինչպես է ստեղծվել սիրված շոուն։ Հաղորդավարուհի Նադեժդա Ստրելեցին տված հարցազրույցում հումորիստն ասել է, որ նախագծի ստեղծողները ոգեշնչվել են ամերիկյան «սթենդ ափ» ակումբներից։
Վոլյան վերհիշել է, թե ինչպես 2000-ականների սկզբին ինքը, այլ հումորիստների հետ, փորձում էին Ռուսաստանում հանդես գալ նոր ձևաչափով, որով նրանք կարող էին ելույթ ունենալ:
«Մենք անընդհատ ինչ-որ բան ենք մտածում, չէ՞ որ բոլորս եկել էինք Մոսկվա, չէինք ցանկանում գլխիկոր վերադառնալ մեր հայրենի քաղաքներն ու ասել, որ մեզ ոչինչ չի հաջողվել», – պատմել է Վոլյան:
Եվ մի օր, ըստ Վոլյայի, Ուրախների և հնարամիտների ակումբների «Նոր հայեր» թիմի անդամները վերադարձել են ԱՄՆ-ից և իրեն ու իրենց մյուս հումորիստներին պատմել «սթենդ ափ» ակումբների գոյության մասին։
«Իսկ մենք չէինք հասկանում, թե ինչ է «սթենդ ափ» ակումբը: Նրանք բացատրեցին, որ տղա կամ աղջիկ դուրս են գալիս բեմ, ծիծաղելի բան են ասում, իսկ մարդիկ նստած են, ծխում են, խմում, ուտելիք պատվիրում»,- բացատրել է Վոլյան:
Դրանից հետո Վոլյան և այլ հումորիստներ, որոնք հետագայում մասնակցել են Comedy Club-ի ստեղծմանը, որոշել են հանդես գալ այնպիսի ձևաչափով, որը նման է «սթենդ ափ» ակումբներին։
Հումորիստի խոսքով՝ առաջին մեկուկես տարին խնդիրներ էին առաջանում. մասնակիցները չէին կարողանում ընդհանուր լեզու գտնել:
«Հետո մենք հասկացանք, որ պետք է անպայման շաբաթ օրն ամեն գնով հանդես գանք ցանկացած կազմով, ինչ էլ որ լինի… Եվ միայն այս ներկայացումները մեզ կօգնեն հասկանալ՝ ինչ-որ բան անում ենք, թե չենք անում», -շարունակել է Վոլյան:
Հումորիստի խոսքով՝ հենց ամեն շաբաթ օրը ելույթ ունենալու պայմանավորվածության արդյունքում է առաջացել նախագիծը։
Comedy Club-ը ռուսական հումորային շոու է՝ արտադրված Comedy Club Production-ի կողմից, որը հեռարձակվում է TNT հեռուստաալիքով 2005 թվականի ապրիլի 23-ից։