Սուրճն ամբողջ աշխարհում ամենատարածված ըմպելիքներից մեկն է։ Այս բուրավետ ըմպելիքը շատ արագ առույգացնում ու թարմացնում է, ուստի շատերն իրենց օրը չեն պատկերացնում առանց մի բաժակ սուրճի, սակայն դրա թույլատրելի չափաբաժնի մասին ոչ բոլորը գիտեն, ինչն էլ հաճախ հանգեցնում է կոֆեինի չարաշահման ու անգամ գերդոզավորման, և սա կարող է բավական վտանգավոր լինել։
PRIMPRESS պորտալը ներկայացրել է՝ օրական քանի բաժակ սուրճ կարող են մարդիկ խմել առանց առողջությանը վնասելու։ Ընդ որում՝ աղբյուրը մասնրամասնում է, որ հարկավոր է նախապատվությունը տալ միայն այս ըմպելիքի որոշակի տեսակին։
Ինչպես նշում է պարբերականը՝ վկայակոչելով բժիշկներին, ոչ մեկին խորհուրդ չի տրվում օրական երեք բաժակից ավելի սուրճ խմել։ Այդ քանակությունը պարունակում է մոտ 400 մգ կոֆեին, ուստի այդ քանակը գերազանցելու դեպքում օրգանիզմը չափազանց շատ կոֆեին է ստանում, ինչը կարող է հանգեցնել առողջական խնդիրների։
Միևնույն ժամանակ մասնագետները խորհուրդ են տվել նախապատվությունը տալ միայն ֆիլտրացված սուրճին, որը չի նպաստում արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացմանն ու չի վնասում սրտանոթային համակարգին։