Գիտնականները պարզել են, որ հերթափոխային աշխատանքը բարձրացնում է ռեֆլյուքսային էզոֆագիտի՝ կերակրափողի լորձաթաղանթի բորբոքման վտանգը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։
Սեուլի Սոնգյունկվան համալսարանի գիտնականները Նամ Մինուի գլխավորությամբ, ուսումնասիրել են՝ ինչ կապ կա հերթափոխային աշխատանքի ու ռեֆլյուքսային էզոֆագիտի միջև։ Հետազոտության շրջանակներում գիտնականները վերլուծել է մջինում 37․9 տարեկան 140,553 մարդու տվյալները։
Հետազոտության ընթացքում գրանցվել է ռեֆլյուքսային էզոֆագիտի 35,185 դեպք։ Ընդ որում՝ գիտնականները պարզել են, որ այս հիվանդության զարգացման հավանականությունն ավելի բարձր է տարբեր հերթափոխերով աշխատողների մոտ։ Ավելին՝ այդ կապն առավել ակնհայտ էր 18-39 տարեկան մասնակիցների, ինչպես նաև տարբեր հերթափոխերով աշխատող կանանց մոտ։
Հետազոտության նման արդյունքները բացատրվում են նրանով, որ աղեստամոքսային տրակտի հիմնական գործառույթները կախված են ամենօրյա ռիթմից, մինչդեռ տարբեր հերթափոխերով աշխատող մարդիկ սովորաբար անկանոն են սնվում աշխատանքային գրաֆիկի պատճառով: Այսինքն՝ նրանք բաց են թողնում նախաճաշը, ճաշն ու ընթրիքը և ավելի շատ ուտում են գիշերը։