Իտալիայի կառավարության պաշտոնյան կապվել է Meta-ի հիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ՝ աշխարհի ամենալեգենդար մարտադաշտում՝ Հռոմի Կոլիզեումում, միլիարդատեր Իլոն Մասկի դեմ UFC-ի մենամարտ կազմակերպելու հարցով: Այս մասին գրում է TMZ Sports-ը:
Հստակ տեղեկություններ ունեցող աղբյուրները TMZ Sports-ին հայտնել են, որ Իտալիայի մշակույթի նախարարը մի քանի օր առաջ դիմել է Ցուկերբերգին՝ Կոլիզեումում նրա մասնակցությամբ մենամարտը կազմակերպելու հարցով: Աղբյուրների փոխանցմամբ՝ և՛ Իլոնը, և՛ Մարկը կցանկանային, որ մենամարտն անցկացվեր Կոլիզեումում:
Հիշեցնենք, որ աշխարհի ամենահայտնի միլիարդատերերից երկուսը` Tesla, SpaceX, Twitter ընկերությունների 52-ամյա ղեկավար Իլոն Մասկը և Meta-ի 39-ամյա ղեկավար Մարկ Ցուկերբերգը, պայմանավորվել են մենամարտել իրար դեմ:
Մասկը Twitter-ում իր միկրոբլոգի հարթակում հաղորդագրություն էր հրապարակել այն մասին, որ «պատրաստ է վանդակի մեջ կռվել Ցուկերբերգի հետ»: Դրանից հետո Ցուկերբերգը հրապարակել էր Մասկի գրառման էկրանակադրը՝ «Ուղարկիր ինձ վայրը» մակագրությամբ։ Այնուհետև Մասկը Ցուկերբերգին պատասխանել էր՝ «Վեգաս, Octagon»: Octagon-ը մրցավայր է, որն օգտագործվում է UFC մենամարտերի համար