Իսպանիայի բնակիչը կանգնել է դատարանի առաջ այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա խարդախությամբ մի թոշակառու կնոջից խոշոր չափի գումար է շորթել՝ նրա հետ խոսելով «Աստծո անունից» և խնդրելով գումար փոխանցել «երկնային բանկին», գրում է Oddity Central-ը:
Իսպանիայի հյուսիսարևմտյան Լեոն քաղաքից Էսպերանցա անունով թոշակառուն, որը խիստ հավատացյալ է և տարիներ շարունակ հավատացած է՝ «Սուրբ Մարիամ Աստվածածնի կողմից ընտրյալ լինելու» հարցում, չկասկածելով, որ իրեն խաբում են, վեց տարվա ընթացքում մոտ 300.000 եվրո է փոխանցել՝ մտածելով, որ այդ գումարն ուղղվելու է «երկնային բանկին»:
Աղբյուրը մանրամասնում է, որ խարդախության զոհը կրոնական առեղծվածային մոլորությունների մեջ է. 2013-ին նա ներշնչել է, որ «Մարիամ Աստվածածնի կողմից ընտրյալ սուրբ է»: Ուստի տեղի խանութներից մեկի տերը, իմանալով կնոջ այս համոզմունքների մասին, որոշել է օգուտ քաղել ու հարստանալ:
«Ես սուրբ եմ 2013 թվականից։ Ավտոմեքենայով ճամփորդության ժամանակ ուսերիս ձեռքեր զգացի, և երբ հասա տուն, նրանք ինձ տարան լոգարան: Այնտեղ, հայելու վրա, կարմիր տառերով գրված էր. «Ես Կույսն եմ, այստեղ ես թափել եմ իմ ամբողջ արյունը։ Աղջի՛կս, դու սուրբ ես։ Սրբիր այն այս սպունգով», – լրագրողներին պատմել է իսպանուհին։
Այսպիսով, երբ 2013 թվականին տարեց կինը առաջին անգամ «Աստծուց» հեռախոսազանգ է ստացել, նա այնքան էլ չի զարմացել: Զանգահարողը կնոջն ասել է, որ սկսի իր գումարը փոխանցել «Աստծո բանկային հաշվին»: Կնոջը խոստացել են բարձր տոկոսներ, ինչպես նաև խնայած գումարով իր համար Երկնքում տուն կառուցելու հնարավորություն: Էսպերանցային դա լավ գործարք էր թվում, նկատում է աղբյուրը:
2013-ից 2019 թվականների ընթացքում տարեց կինն իր ամբողջ խնայողությունները դրել է տեղական խանութի մի փոքրիկ դարակում. խանութը շահագործվում է մի մարդու կողմից, որը այժմ մեղադրվում է կնոջը խաբելու համար: Փոշակառուն սպառել է իր բոլոր խնայողությունները, ինչպես նաև երկու բանկային վարկ է վերցրել: Ոչ ոք, նույնիսկ նրա երեխաները չգիտեին նրա գործարքի մասին, քանի որ խաբեբան, իբր, սպառնացել էր սպանել ընտանիքին, եթե նա որևէ մեկին ասի: Էսպերանցայի երեխաներն այս մասին իմացել են միայն այն ժամանակ, երբ պարզել են, որ կնոջ խնայողական հաշիվը դատարկ է:
Այս գործով կասկածյալը պնդում է, որ ինքն անմեղ է, սակայն դատախազներն ապացույցներ ունեն, որ նա շահագործել է Էսպերանցային:
Այս գործով դատավարությունը սկսվել է, և մեղադրող կողմը ամբաստանյալի համար խնդրել է 8 տարվա ազատազրկում։