Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարեց՝ գիտակցում են, որ արդի աշխարհում հնարավոր է ամեն բան, մարդուց կարելի է խլել ամեն ինչ՝ անդամահատել, ունեզրկել, սպանել, սակայն կա մեկ բան, որ անհնարին է մարդուց զատել. դա արժանապատվությունն է։
«Դա ձեզանից յուրաքանչյուրի դեմքի արտահայտությունն է, դա մեր ինքնությունն է։ Եվ այստեղ միասին ուզում եմ հայտարարենք ի լուր աշխարհի, որ մեր ինքնությունն ու արժանապատվությունը մեզանից խլել չի ստացվելու, այն չի՛ վաճառվում և սակարկման ենթակա չէ։
Սիրելի ժողովուրդ, այս ամբիոնից ձեր թույլտվությամբ և ձեր անունից ուզում եմ մեր հավաքական խոսքը հղել ՀՀ ժողովրդին ու համայն հայությանը։
Սիրելի եղբայրներ և քույրեր, Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյությունը վտանգված է, վտանգված է մեր երեխաների կյանքն ու առողջությունը, ընդամենը նայեք այս հրապարակում հավաքված մարդկանց աչքերին ու զգացեք ձեզ փոխանցվող պատասխանատվությունը։ Այս հրապարակում հավաքված են մարդիկ, ովքեր իրենց տառապանքների, կյանքի ու առողջության գնով անում են ամեն ինչ, որպեսզի դուք աշխարհի որ կետում էլ լինեք, Արցախի անունը լսելով՝ գլխիկոր չմնաք, գետինը չմտնեք։ Հրապարակում կանգնած են մարդիկ, ովքեր ուզում են կանգուն վիճակում Գանձասար պահեն, Ամարաս ու Արցախ պահեն, որպեսզի դուք որտեղ էլ լինեք, հպարտանաք, որ Գանձասար ունենք, Ամարաս ու Արցախ ունենք»,- եզրափակեց Արցախի պետնախարարը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան