«Ձեզ ի՞նչ է անհրաժեշտ, ինչի՞ն եք սպասում, ուզում եք՝ այս հրապարակում ամեն օր մարդկանց դիակներ լինե՞ն, որ խելքի գաք». Պետնախարարը՝ ՀՀ-ին, ՌԴ-ին և միջազգային հանրությանը
«Այսօր արցախցին ելել է ոտքի, որպեսզի հայտարարի, որ բավ է՝ Ադրբեջանն ու աշխարհն ուզում են Արցախը դարձնեն զոհասեղան, որի վրա դրված է մեր հայրենակիցների, երեխաների կյանքը։ Եվ դա մենք թույլատրել չենք կարող։
Եթե 2022 թվականի դեկտեմբերի 12-ից արցախցին ստիպված էր թերսնվել, եթե մեր երեխաները, տարեցները, առողջական խնդիրներ ունեցող մեր քույրերն ու եղբայրները, ծնողները հարկադրված էին անցնել ծայրագույն դժվարությունների միջով, ապա հունիսի 15-ին ժողովրդին կանգնեցրել են ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգի առջև»,- այս մասին Արցախում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Արցախի պետնախարարը հիշեցրեց, որ գրեթե մեկ ամիս է, ինչ Արցախն ապրում է իր ներքին ռեսուրսների հաշվին։ Մեկ ամիս է՝ բոլորի համատեղ ջանքերով փորձում են իրավիճակը պահել այնպես, որպեսզի Արցախի շրջափակման ծանրագույն հետևանքները նվազագույն ազդեցություն ունենան արցախցու վրա՝ հուսալով, որ ամենակարճ ժամկետում միջազգային հանրությունը, Հայաստանի Հանրապետությունը վճռական քայլեր կձեռնարկեն այս մահաբեր աղետի ընթացքը կանգնեցնելու համար։
«Սակայն պարզվեց, որ բոլորը դիտորդի կարգավիճակով ուղղակի հետևում են այս ամենին։
Այսօր իրավիճակն արդեն օրհասական է, իսկ յուրաքանչյուր վաղվա օրը լինելու է է՛լ ավելի ծանր ու դժվար։ Այսօր արդեն կան բազմաթիվ առողջապահական խնդիրներ, բազմաթիվ համայնքներ հաջորդաբար զրկվում են խմելու ջուր ունենալու հնարավորությունից։ Մայրաքաղաքից հեռու գյուղական համայնքների բնակիչները դարձել են գերիներ, և շատերի հետ շրջկենտրոնների ու մայրաքաղաքի հետ միակ կապը հեռախոսազանգն է։
Շուշիի շրջանի մեր գյուղերի բնակիչները դարձել են պատանդ՝ իր ծայրահեղ բոլոր դրսևորումներով։ Օրեր անց չեն աշխատելու շտապօգնության մեքենաները, մարդիկ ունենալու են տարրական դեղորայքի խնդիր։
Հիմա հարց եմ ուզում ուղղել միջազգային հանրությանը, Հայաստանի Հանրապետությանն ու Ռուսաստանի Դաշնությանը. Ձեզ ի՞նչ է անհրաժեշտ, ինչի՞ն եք դուք սպասում, ուզում եք այս հրապարակում մենք ամեն օր մարդկանց դիակներ ունենա՞նք, որ արձագանքեք, ուզում եք մեր երկու մանկահասակ երեխաների մահվան դեպքի կրկնությո՞ւն, որ խելքի գաք»,- շեշտեց Գուրգեն Ներսիսյանը։
Պետնախարարն ընդգծեց, որ արդեն բավական է, քանի որ երեք տարի է՝ արցախահայությունը կրում է ամենատարբեր բնույթի տառապանքներ։ Երեք տարի է՝ ուշիուշով հետևում են աշխարհի այս կամ այն անկյունում կազմակերպվող հանդիպումների արդյունքներին, թե ինչպես են միմյանցից խլում այս կամ այն քննարկման հարթակը, նախաձեռնությունների պայքար տանում։ Հետևում են, սակայն ո՛չ արդյունքն են տեսնում, ո՛չ ազդեցությունն են զգում։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան