Եթե Աստված գեթ մի պահ մոռանար, որ ես միայն կտորե խամաճիկ եմ և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, այդժամ ես երևի չէի ասի այն ամենն, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի այն ամենն, ինչ ասում եմ: Ես իրերը կգնահատեի ոչ թե ելնելով նրանց գնից, այլ նշանակությունից: Ես ավելի քիչ կքնեի, ավելի շատ կերազեի` հասկանալով, որ ամեն րոպե, երբ մենք փակում ենք աչքերը, կորցնում ենք լույսի վաթսուն վայրկյան: Ես կքայլեի, քանի դեռ մյուսները կանգնած են, չէի քնի, մինչդեռ մյուսները քնած են: Ես կլսեի, երբ մյուսները խոսում են և կվայելեի շոկոլադե պաղպաղակի հիանալի համը:
Եթե Աստված ինձ կյանքի մի պահ էլ պարգևեր, ես ավելի համեստ կհագնվեի, կպառկեի արևի շողերի տակ և նրա ջերմությանը ի ցույց կդնեի ոչ միայն մարմինս, այլև` հոգիս: Տեր Աստված, եթե ես սիրտ ունենայի, ես կգրեի իմ ամբողջ ատելությունը սառույցի վրա և կսպասեի մինչև դուրս գա արևը: Ես կնկարեի Վան Գոգի երազով Բենեդետտիի պոեմի աստղերի վրա և Սերրատի երգը սերենադի պես կնվիրեի լուսնին: Ես արցունքներով կջրեի վարդերը, որպեսզի զգամ նրանց փշերի ծակոցների ցավը և թերթիկների համբույրը:
Տեր Աստված, եթե ես կյանքի ևս մի պատառիկ ունենայի, ոչ մի օր չէի անցկացնի առանց ասելու իմ սիրած մարդկանց, որ ես նրանց սիրում եմ: Ես կհամոզեի ինձ թանկ յուրաքանչյուր մարդուն իմ սիրո մեջ և կապրեի` սիրահարված…սիրուն: Ես կբացատրեի բոլոր նրանց, ովքեր մոլորության մեջ մտածում են, թե դադարում են սիրահարվել ծերանալուն զուգընթաց, որ ծերանում են այն ժամանակ, երբ դադարում են սիրահարվել:
Երեխային ես թևեր կնվիրեի, բայց կթողնեի, որ ինքնուրույն սովորի թռչել: Ծերերին ես կհամոզեի, որ մահը ծերության հետ չի գալիս, այլ մոռացության:
Ես ձեզանից այնքան բան եմ սովորել, մարդի՛կ. ես հասկացել եմ, որ ամբողջ աշխարհը ուզում է ապրել սարերում, չհասկանալով, որ իրական երջանկությունը սարը բարձրանալու մեջ է:
Ես հասկացել եմ, որ այն պահից, երբ նորածինն իր փոքրիկ բռունցքում սեղմում է հոր մատը, այլևս երբեք այն բաց չի թողնի: Ես հասկացել եմ, որ մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ:
Այնքան բան կա, որ ես դեռ կարող էի ձեզնից սովորել, մարդի՛կ, սակայն սովորածս ինձ դժվար թե պետք գա, որովհետև երբ ինձ դնեն այդ ճամպրուկի մեջ, ես, ցավոք սրտի, արդեն մահացած կլինեմ:
Միշտ ասա այն, ինչ զգում ես և արա այն, ինչ մտածում ես:
Եթե ես իմանայի, որ ես այսօր քեզ վերջին անգամ եմ տեսնում քնած, ես քեզ պինդ կգրկեի և կաղոթեի Աստծուն, որ ինձ քո պահապան հրեշտակը դարձնի:
Եթե ես իմանայի, որ այսօր վերջին անգամ եմ տեսնում, թե ինչպես ես դուրս գալիս դռնից, ես քեզ կգրկեի, կհամբուրեի և նորից կկանչեի, որպեսզի ավելին տամ: Եթե ես իմանայի, որ քո ձայնը վերջին անգամ եմ լսում, կձայնագրեի ամենն, ինչ ասում ես, որպեսզի էլի ու էլի լսեմ, անվերջ: Եթե ես իմանայի, որ սրանք վերջին րոպեներն են, որ ես քեզ տեսնում եմ, ես կասեի. «Սիրում եմ քեզ» ու հիմարի պես չէի մտածի, որ դու դա գիտեիր:
Միշտ կա վաղը և կյանքը մեզ ամեն ինչ ուղղելու ևս մեկ հնարավորություն է տալիս, սակայն եթե ես սխալվում եմ և այսօրը այն ամենն է, ինչ մեզ մնացել է, ապա ես կուզեի քեզ ասել, թե ինչքան ուժեղ եմ քեզ սիրում ու որ երբեք չեմ մոռանա քեզ: Ոչ պատանին, ոչ ծերը չեն կարող վստահ լինել, որ իրենց համար վաղը կգա:
Այսօրը կարող է լինել վերջին օրը, որ դու տեսնում ես սիրելիներիդ: Այնպես որ մի՛ սպասիր ինչ-որ բանի, այսօր արա այն, ինչ մտածել ես, որովհետև եթե վաղը երբեք չգա, դու կափսոսաս այն օրվա համար, երբ ժամանակ չգտար մեկ ժպիտի, մեկ անգամ գրկելու, մեկ համբույրի համար, երբ դու չափազանց զբաղված էիր` վերջին ցանկությունն իրականացնելու համար: Ոգևորիր հարազատներիդ, շշնջա նրանց ականջին, թե ինչքան պետք են նրանք քեզ, սիրիր նրանց և գուրգուրանքով վարվիր, ժամանակ գտիր, որ ասես «կներես», «խնդրեմ», «շնորհակալություն» և սիրո այն բոլոր բառերը, որ գիտես:
Ոչ ոք քեզ չի հիշելու մտքերիդ համար: Աստծուց իմաստնություն և ուժ խնդրիր, որ ասես այն, ինչ զգում ես: Ցույց տուր ընկերներիդ, թե ինչ կարևոր են նրանք քեզ համար:
Եթե դու չասես այդ ամենն այսօր, վաղը կլինի նույնը, ինչ երեկ: Եվ եթե դու չանես դա երբեք, ոչինչ նշանակություն չի ունենա: Իրականացրու երազանքներդ: Այդ պահը եկել է: