Միջին հաշվով՝ շունը կարող է սովորել մինչև հարյուր բառ, և նա կլրացնի իր պաշարը իր ողջ կյանքի ընթացքում: Այս մասին խոսել է Ռուսաստանի կինոլոգիական ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Գոլուբեւը։
Կինոլոգը պատմել է շների կողմից բառերի ընկալման առանձնահատկությունների մասին։ Նա պարզաբանել է, որ շները չեն ընկալում մարդկային բառերի վերացական իմաստները և տիրոջ յուրաքանչյուր խոսք ընկալում են որպես հրաման։
«Շները մեր խոսքն ընկալում են ոչ միայն որպես հնչյունների ամբողջություն, այլև որպես լրիվ իմաստալից բառերի հավաքածու։ Իհարկե, բառերի վերացական իմաստները նրանց համար անհասանելի են, բայց նրանք լիովին տարբերում են գործողության կոչերը և առարկաների անվանումները»,- Գոլուբևի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։
Որքան երկար է կենդանին ապրում տիրոջ հետ, այնքան մեծ է հավանականությունը, որ շունը կսկսի կարդալ մարդու մարմնի ամենափոքր ազդանշանները՝ առանց բանավոր հրամանների:
Բայց դրա համար անհրաժեշտ է հրամաններ օգտագործել ոչ միայն մարզումների ժամանակ, այլև առօրյա կյանքում, նշել է մասնագետը։