«Նախ պատասխանատվությունն ինքս իմ առջև է՝ ինչքանով եմ ես ազնիվ` երգում եմ այն, ինչ ինձ հուզում է, թե՞ այն, ինչ պետք է, որ երկու կոպեկ աշխատես»,- Հազարան բլբուլ հաղորդաշարի ընթացքում խոսելով այօրվա երգարվեստի մասին ասել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանը և շարունակել,- «Բեմը քավարան է․ երբ բեմ ես դուրս գալիս, պետք է այնքան հարգանքով և թրթիռով վերաբերվես, չգնաս այնտեղ առևտուր անելու, իհարկե, հանապազօրյա հացդ էլ պետք է վաստակես, բայց երգե՞լ այն, ինչ պետք է ու դա անե՞լ վատ` աշխատելու համար քո երկու կոպեկը․․․ հանդիսատեսը բոլորովին պարտադիր չէ, որ լինի մելոման, իսկ դու պետք է նաև կրթես քո երգով, չէ՞, դա պետք է լինի ազնիվ, հայերեն, հայեցի, ուրեմն կարող է նաև այնքան էլ ականջահաճո չլինել հանդիսատեսի համար։ Պետք է աշխատել ազնիվ, որովհետև ազնվությունը ի վերջո բոլոր անհաճո վերաբերմունքին հարիր երևույթները վերացնում է։ Ազնվությունը մերկացնում է դիմացինին միշտ, որովհետև ինչքան էլ թպրտաս, մինևնույն է՝ ճշմարտության առջև ես կանգնում, իսկ ճշմարտությունն արվեստագետի համար ազնիվ արվեստն է»։
Հաղորդման ընթացքում երգչուհին խոսել է տարբեր թեմաների մասին՝ երաժշտության, իր որդիների, արմատների, մոր և հայրենիքի, ինչպես նաև՝ ԱԺ պատգամավոր լինելու ժամանակահատվածի մասին։
Խոսելով այսօր «հայտնի» դառնալու հեշտության մասին Շուշան Պետրոսյանը նշել է, որ այդ միջոցով մարդուն հեռացնում են մտածելու ունակությունից, դառնում է կառավարելի։ «Ձեր ասած՝ «հայտնի» ինչ-որ մեկը՝ արհեստածին, սարքված հայտնի, որով քո ականջն ու աչքը ուղղակի բռնաբարում են, որովհետև անվերջ տեսահոլովակներ, վճարված գովազդներ են ամենուր ու դու մեխանիկորեն ինչ-որ ողորմելի միջակության համարում ես «հայտնի»»։
Երգչուհին խոսել է նաև հումորի այսօրվա ստանդարտների և ամենուր հանդիպող հումորային հոլովակների մասին, նշել է, որ այդ ամենը նախորդի շարունակությունն է։ Նա ասել է․ «Ո՞նց կարելի է ծիծաղել ճաղատի վրա, կույրի վրա, գեր կնոջ, տղամարդու վրա, ո՞նց կարելի է ծիծաղել և դրանով դիվիդենտներ հավաքել։ Ես փոքրուց միշտ եղել եմ թմբլիկ, երբեք դրանից չեմ բարդույթավորվել։ Որքա՜ն ուրեմն դու քեզ չես սիրում, ինչքա՜ն ես դու բարդույթավորված քո գիրությունից, որ դա դարձնում ես հանդիսատեսի ուշադրությունը գրավելու ձև ու այդ միջոցով ինչ-որ բան անելու։ Ես ունեմ լիքը գեր, լիքը նիհար ընկերներ, ես մարդուն եմ սիրում, ոչ թե իր արտաքինը»։
Շուշան Պետրոսյանը խոսել է նաև իր որդիների և նրանց դաստիրակության մասին՝ ասելով, որ իր երկու տղաներին էլ վերաբերվել է որպես անհատականություն․ «Երբեք չի կարելի երեխային քո նման դարձնել, ստիպել, դուք խեղում եք իրեն, իր բնությունը, ինքն անհատ է, ուրիշ մարդ է, միակ բանը, որ ձեզնից գնում է անել, իրենց կրթելն է»։
Նա անդրադարձել է նաև այն շրջանին, երբ ԱԺ պատգամավոր էր և պատգամավոր դառնալու որոշումը ոչ միանշանակ է ընդունվել մարդկանց կողմից, քանի որ թեպետ նրան սիրում են որպես երգչուհի, բայց նրա քաղաքականություն մուտք գործելու հանգամանքը այդպես էլ չընդունվեց։ Այս մասին երգչուհին ասել է․ «Շնորհակալ եմ սիրո համար, բայց այնուամենայնիվ, որևէ թեմայի մասին խոսելիս պետք է քիչ, թե շատ գիտակ լինել։ Պատգամավոր մասնագիտություն չկա, կա լավ մասնագետ ինչ-որ ոլորտի, ես արդեն կայացած Շուշան Պետրոսյնն էի, ես ավարտել եմ Գեղարվեստի ակադեմիան փայլուն դիպլոմով, ես նկարչուհի եմ, ես երգում եմ, ես աշխատել եմ թատրոնի նկարիչ, ես կարդում եմ, հետևում եմ գրական նորություններին, ես գիտեմ կինոարվեստ, ես գիտեմ թատրոն, դա իմ ոլորտն է՝ արվեստը, ես գիտեմ արվեստը և ես ՀՀ կայացած արտիստ եմ, ես իրավունք ունեմ դառնալու պատգամավոր, որպեսզի ներկայացնեմ ոլորտը»։
Անդրադառնալով որպես երգչուհի իր այսօրվա գործունեությանը՝ վերջինս ընդգծել է, որ սիրում եմ էքսպերիմենտներ ու կուզեր երկիրն այն վիճակում լիներ, որ կրկին ջազ երգեր։ Սա երգչուհու երազանքն է։
Ամփոփելով զրույցը Շուշան Պետրոսյանն ասել է․ «Ինձ աշխարհը չի հուզում, ինձ հայն է հուզում, որովհետև ես հային սիրում եմ, որովհետև եթե ես հային չսիրեի, ինձ համար մեկ կլիներ, բայց կատաստրոֆա է այն, ինչ այսօր կատարվում է։ Ամաչում եմ բոլոր իմ զոհված ընկերներից, որոնց կորցրել եմ 1-ին պատերազմում, Սպարապետից եմ ամաչում, շատ-շատ մարդկանցից։ իմ նման երկիրը սիրողներ եմ փնտրում, ինչքան գտնեմ, այդքան երջանիկ եմ»։