Սրտի ամերիկյան ասոցիացիայի հետազոտողները իրականացրել են գիտական աշխատանքների մեծ ուսումնասիրություն՝ նվիրված էլեկտրոնային սիգարետների ազդեցությանն առողջության վրա, եւ պարզել են վեյփինգի վնասը, գրել է Circulation-ը։
«Էլեկտրոնային սիգարետներն օրգանիզմ են մտցնում բազմաթիվ վնասակար նյութեր։ Կան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ նիկոտին պարունակող էլեկտրոնային սիգարետները կապված են հեմոդինամիկայի մի շարք ցուցանիշների կտրուկ փոփոխությունների հետ, ներառյալ զարկերակային ճնշման բարձրացումը եւ սրտի զարկերի հաճախակիացումը»,- նշել են հեղինակները։
Անգամ նիկոտինի բացակայության դեպքում այլ բաղադրիչները, հատկապես արոմատիզատորները, նույնպես բացասաբար են ազդում առողջության վրա եւ հանգեցնում են սրտի եւ թոքերի հիվանդությունների։ Բացասական էֆեկտները ցուցադրվել են կենդանական մոդելների եւ մարդկանց վրա, որոնք ենթարկվել են էլեկտրոնային սիգարետներում առկա քիմիական նյութերի ազդեցությանը։
Արժե նշել, որ բոլոր մասնակիցները, որոնք վեյփ եւ էլեկտրոնային սիգարետներ են օգտագործել, մինչ այդ սովորական ծխախոտ են ծխել կամ ծխում են գոլորշու համակարգերի հետ միասին։ Ուստի, դժվար է պարզել, թե ինչն է հատկապես ազդում օրգանիզմի վրա։
Հեղինակները նաեւ նշել են, որ Е վիտամինի ացետատը, որն օգտագործվում է որպես խտացուցիչ էլեկտրոնային սիգարետների որոշ հեղուկներում, առաջ է բերում թոքերի վնասում՝ կապված էլեկտրոնային սիգարետների օգտագործման կամ վեյփինգի հետ։
«Քանի որ էլեկտրոնային սիգարետները եւ վեյփինգի այլ համակարգեր օգտագործվում են ընդամենը մոտ 15 տարի, մենք առայժմ բավականաչափ տեղեկություն չունենք դրանց երկարատեւ հետեւանքների մասին առողջության համար, ուստի պետք է հենվենք կարճաժամկետ հետազոտությունների վրա։ Մենք պետք է ընդլայնենք դրանց ընդգրկումը, քանի որ էլեկտրոնային սիգարետների տարածումն ավելանում է էքսպոնենցիալ, մանավանդ այն երիտասարդների շրջանում, որոնք մինչ այդ սովորական սիգարետներ չէին օգտագործել»,- նշել են գիտնականները։