Մինաս Ավետիսյանը 20-րդ դարի հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից մեկն է: Ծնվել է 1928 թ. հուլիսի 20-ին Ջաջուռում: Նրա գեղանկարչական աշխարհընկալումը, ճաշակն ու ոճը հիմնականում ձևավորվել է հայ միջնադարյան մանրանկարչության, իտալական վերածննդի նկարչության և Մարտիրոս Սարյանի արվեստի ազդեցությամբ: Նրա ազդեցությունն այսօր նկատելի ժամանակակից շատ նկարիչների գործերում: Մինասը ստեղծել է մեծ թվով բնանկարներ, դիմանկարներ, որմնանկարներ: Նրա գործերին բնորոշ ամենավառ գիծը գույների տաք ու յուրահատուկ համադրություններն են:
Այսօր՝ նկարչի ծննդյան օրվա կապակցությամբ, մենք Մինաս Ավետիսյանի մասին մի շարք տեղեկություններ ենք հավաքել, որոնք նրա արվեստը գնահատելու հարցում ձեզ կարող են օգնել:
1. Մինասը Մարտիրոս Սարյանի հետ ծանոթացել է 18 տարեկանում: Մաեստրոն շատ է հավանել նրա ոճն ու տաղանդը. «Մինա՛ս, ես քեզնից մեծ եմ 50 տարով։ Ափսոս՝ ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանա՛ս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակիր խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին»:
2. Նկարչը հիմնականում պատկերել է իր հարազատ բնաշխարհը՝ Ջաջուռը, տունը, լեռները։ Կապված լինելով մոր հետ և շուտ կորցնելով նրան՝ Մինասը Մոր թեմային է անդրադարձել իր բոլոր աշխատանքներում՝ և՛ գեղանկարներում, և՛ որմնանկարներում, և՛ գծանկարներում։
3. Մինասն իր 15-ամյա ստեղծագործական կյանքում հասցրել է կերտել մոտ 500 մեծ ու փոքր կտավ, նույնքան գծանկար, 20 որմնանկար:
4. Որմնանկարները ստեղծել է 1970-1974 թթ. Երևանում, Գյումրիում, Վահրամաբերդում: Նրա ստեղծած որմնանկարների ընդհանուր մակերեսը 500 քառակուսի մետրի է հասնում: 1988 թ. Սպիտակի երկրաշարժի պատճառով նրա որմնանկարների մեծ մասը վնասվում է։ Երկրաշարժից անմիջապես հետո կործանումից փրկվում է «Աղբյուրի մոտ» որմնանկարը, որը Բուլղարիայից հրավիրված մասնագետները հաջողությամբ տեղափոխում են Գյումրի քաղաքի թատրոնի շենք։ «Լեռներում» որմնանկարը լավ վիճակում է մինչ օրս:
Մնացած որմնանկարները աղետալի վիճակում էին մինչև 2009 թվականը, երբ իտալացի մասնագետները նրա մի քանի որմնանկարներ սկսում են վերականգնել: «Թորոս Ռոսլինի ծնունդը» հաջողությամբ տեղափոխվում է Ջաջուռ գյուղի Մինասի թանգարանը։ 2010 թ. «Խաչքարի մոտ» և «Հանդիպում» որմնանկարները վերականգնվում և տեղափոխվում են ՀՀ կառավարության շենք։
5. Մինասը նաև բալետային և թատերական ձևավորումներ էր անում: «Ալմաստ» օպերայի և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորումների հեղինակն ինքն է: Արամ Խաչատրյանը ևս հիանում էր նկարչի տաղանդով. «Մինասի խառնվածքը ուժեղ է, վառ… Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը»:
6. Անհասկանալի և չբացահայտված պատճառներով 1972 թ. հունվարի 1-ին Մինասի արհեստանոցը հրդեհվում է: Այրվում են նրա կտավների մեծ մասը՝ 300 աշխատանք, 100-ից ավելին ավարտուն վիճակում էին, այդ թվում նաև Փարիզում կազմակերպվելիք ցուցահանդեսի համար հավաքած աշխատանքները: Այրվում է նաև նկարչի անձնական արխիվը։ Հետագայում մի քանի կտավ ոչնչացել է Բեյրութի ցուցահանդեսում՝ քաղաքի ռմբակոծության հետևանքով:
7. Չբացահայտված և ողբերգական է նաև նրա մահը: 1975 թ. փետրվարի 16-ին Ժորա Հովսեփյան անունով տաքսու վարորդը վրաերթի է ենթարկում հայ մեծանուն նկարչին: Օրեր անց Մինաս Ավետիսյանը մահանում է 47 տարեկան հասակում: Շատերը վստահ էին. սա դժբախտ պատահար չէր…