Ինչպես արդեն հայտնի է՝ դերասանուհի Անատի Սաքանյանն ու սիրելին՝ Էդգարը, փետրվարի 13-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում պսակադրվել են: Դերասանուհու ամուսնությունը շատերի համար էր անակնկալ, նրա նշանադրության մասին ևս ոչ բոլորը գիտեին:
Life.panorama.am-ի հետ զրույցում Անատին պատմել է, թե ինչպե՞ս է կարճ ժամանակում կայացրել ամուսնանալու որոշումն ու ինչպե՞ս են ինքն ու ամուսինը ծրագրում մեղրամիսը:
«Ինձ համար առաջին անակնկալը Ամանորին էր, երբ Էդգարն անակնկալ կերպով հենց Նոր տարվա գիշերը կազմակերպեց մեր նշանադրությունը, իսկ այդ կարևոր իրադարձությանը, բնականաբար, պետք է հաջորդեր նաև ամուսնությունը»,- պատմեց Անատին, իսկ մեր նկատառամանը, թե աղջիկների երազած խորհրդանշական ճերմակ հարսի զգեստը ինչո՞ւ այդպես էլ չկրեց դերասանուհին, պատասխանեց.
«Ես ու ամուսինս այլ կերպ ենք պատկերացնում մեր հարսանիքը, երբ ես ճերմակ զգեստ կկրեմ, այդ իսկ պատճառով որոշեցինք կազմակերպել մեր Տրնդեզը ու այդ օրն էլ եկեղեցում պսակադրվել, քանի որ մեզ համար Հայ Առաքելական Եկեղեցում որպես ամուսիններ օրհնություն ստանալը ու այնտեղ մատանիներով փոխանակվելը շատ կարևոր էր: Դե իսկ մեր մեղրամսին, որը կանցկացնենք Մալդիվյան կղզիներում, յուրօրինակ հարսանիք կկազմակերպենք, որտեղ ես հարսի ճերմակ զգեստով կլինեմ: Կստացվի, որ Մալդիվներում կկայանա ոչ միայն մեր մեղրամիսը, այլև հարսանիքը»:
Անատի Սաքանյանը երբեք չի խոսում սիրելիի մասին, հարցին՝ գուցե հիմա՝ ամուսնությունից հետո ցանկանա նրա մասին որոշ բացահայտումներ անել, նշեց.
«Իմ անձնական կյանքը շարունակում է փակ մնալ, նրա մասին տեղեկություններ ես էլի չեմ հայտնի, միայն կնշեմ, որ նա ամեն արժանիքներ ունի, որ ընտրել եմ իրեն»:
Հարցին, թե դերասանուհու համար դժվար չէ՞ր կարճ ժամանակում ամուսնության որոշում կայացնելը, պատասխանեց.
«Պետք է ասեմ, որ մի վայրկյան անգամ չեմ մտածել: Սեր, ուշադրություն ու ցանկացած կնոջ համար երջանիկ լինելու բոլոր նախապայմանները կային. Այդ ամենը տեսնելով՝ անգամ ժամանակ չեմ գտել մտածելու՝ ուզում եմ ամուսնանալ, թե ոչ»:
Անատին ու Էդգարը մեղրամսի մեկնելու ժամկետներ դեռ չեն առանձնացրել, քանի որ դերասանուհու խոսքով, ամեն բան կախված է նկարահանումների ընթացքից: