«Բացեք Լաչինի միջանցքը»՝ այս կոչն են ուղղում հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները՝ Instagram-ում հրապարակելով անգլալեզու տեսանյութեր, որոնցում պատմում են դեկտեմբերի 12-ից ադրբեջանական շրջափակման մեջ հայտնված Արցախի մասին։ Հրապարակումների ներքո նշվում են միջազգային մի շարք կառույցների անուններ։
Երեկ միջազգային հանրությանն իրենց կոչն էին ուղղել Գարիկ Պապոյանն ու Իվետա Մուկուչյանը։ Նախաձեռնությանը ձեռնամուխ են եղել նաեւ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան, Արամ mp3-ն ու Սոնա Ռուբենյանը։
«Լաչինի միջանցքը կյանքի ճանապարհ է, որը միացնում է Արցախը Հայաստանին եւ ամբողջ աշխարհին։ Ավելի քան 120 հազար հայ այժմ գոյատեւում է ծանր պայմաններում՝ առանց անհրաժեշտ սննդի, դեղորայքի եւ կենցաղային այլ կարեւոր պարագաների: 30 000 երեխա, 20 000 մեծահասակ, 9000 մարդ՝ առողջական խնդիրներով եւ 2000 հղի կին օգնության կարիք ունեն, բայց աշխարհը լուռ է․․․ Իրականությունն այն է, որ մարդիկ սովամահ են լինում, եւ սա մարդկային աղետ է, որն անհապահ լուծում է պահանջում։ Մենք դիմում ենք ՄԱԿ-ին եւ քաղաքակիրթ աշխարհին՝ միջամտելու խնդրանքով։ Բացեք Լաչինի միջանցքը։ Մենք ձեր օգնության կարիքն ունենք։ Կիսվեք ու տարածեք այս մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ։