Միչիգանի համալսարանի գիտնականները պարզել են, որ քայլելը կարող է բարելավել սրտային անբավարարություն ունեցող մարդկանց առողջությունը 12 շաբաթվա ընթացքում։ Հետազոտությունը հրապարակվել է JACC: Heart Failure ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել է սրտային անբավարարություն ունեցող 425 մարդ, 40,9 տոկոսը՝ արտանետման ցածր ֆրակցիայով։ Գիտնականները գնահատել են պացիենտների առողջությունը KCCQ 100 բալանի սանդղակով, որը հաշվի է առնում ֆիզիկական սահմանափակումները, ախտանշանների հաճախակիությունը, կյանքի որակը եւ սոցիալական սահմանափակումները։ Որքան ավելի բարձր է բալը, այնքան ավելի լավ է մասնակցի առողջությունը։ KCCQ ցուցանիշների փոփոխությունները հինգ եւ ավելի բալով կարող են ազդել ինֆարկտի եւ ինսուլտի հավանականության վրա։
Այն մարդկանց մոտ, որոնց քայլերի քանակը փորձի վերջում ավելացել է եւ հասել օրական երկու հազարի, ընդհանուր գնահատականը KCCQ սանդղակով բարձրացել է 5,2 բալով՝ քայլերի քանակը չփոխած պացիենտների համեմատ։ Ընդհանուր առմամբ, լավագույն արդյունքներ ունեցել են այն պացիենտները, որոնք կատարել են օրական մոտ հինգ հազար քայլ, բայց երկու-երեք հազարը նույնպես զգալիորեն բարձրացրել է KCCQ բալերը։
Գիտնականների կարծիքով՝ քայլերի քանակի նվազման մասին տվյալները, որոնք ստացվել են ֆիթնես-չաթերի օգնությամբ, կարող են մատնանշել սրտային անբավարարություն ունեցող պացիենտների մանրակրկիտ զննության անհրաժեշտության մասին։