Ծանր հիվանդությունից հետո Մադոննան շտապում է վերադառնալ բեմ։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Երգչուհին շնորհակալություն է հայտնել իր մտերիմներին աջակցության համար՝ հուզական հաղորդագրություն թողնելով իր անձնական բլոգում։ Մադոննան ընդգծել է, որ ընտանիքի սերն իր համար լավագույն դեղամիջոցն է եղել։
«Ընտանիքի եւ ընկերների սերը լավագույն դեղամիջոցն է», – գրել է աստղը:
Որոշ ժամանակ առաջ աստղի մենեջերը հայտնել էր, որ Մադոննայի մոտ «լուրջ բակտերիալ վարակ է զարգացրել», որի պատճառով նա մի քանի օր անցկացրել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Հաղորդվում էր, որ հիվանդությունն ի հայտ է եկել այն պատճառով, որ կատարողն իրեն չի խնայել հյուրախաղերի նախապատրաստման ժամանակ։ Մասնավորապես, նա օրական 12 ժամ փորձեր է արել։
Հիվանդության պատճառով 64-ամյա արտիստը հետաձգել է Celebration շրջագայությունը։ Ի սկզբանե առաջին համերգները պետք է կայանային հուլիսին, սակայն ի վերջո դրանք տեղափոխվեցին աշուն։