Տեխասի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները հայտնաբերել են, որ պեկան ընկույզների ամենօրյա օգտագործումն օգնում է կանխել ճարպակալումը, շաքարային դիաբետն ու լյարդի ճարպային հիվանդությունը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Nutrients ամսագրում։
Հեղինակներն օգտագործել են մկների մոդելը. կրծողների մի խմբին նշանակել են դիետա պեկանների օգտագործմամբ, երկրորդին՝ նորմալ դիետա, եւս երկու խմբի նշանակել են դիետաներ ճարպերի բարձր պարունակությամբ։ Փորձը շարունակվել է 12 շաբաթ։
Արդյունքները ցույց են տվել, որ սննդում պեկան ընկույզների մշտական օգտագործումը բարձրացնում է էներգիայի ծախսը, նվազեցնում դիսբակտերիոզը եւ բորբոքումն օրգանիզմում, ինչպես նաեւ վերահսկում է լյարդի եւ կմախքի մկանների մետաբոլիզմը։ Նման արդյունքների հասնելու համար մարդիկ պետք է օրական ուտեն 22-38 ընկույզ։ Ընդ որում՝ կարեւոր է հաշվել սննդաբաժնի ընդհանուր կալորիականությունը։
«Պեկանը եւ այդ ընկույզի մեջ պարունակվող պոլիֆենոլները կանխում են ճարպակալումը, լյարդի ստեատոզը (ճարպային լյարդ) եւ դիաբետը՝ ի հաշիվ դիսբակտերիոզի եւ բորբոքման նվազման եւ էներգիայի ծախսի ավելացման։ Պեկանը կարող է օգնել մարդկանց պահել մարմնի նորմալ քաշն անգամ ճարպերի բարձր պարունակությամբ դիետաների դեպքում»,- նշել են հեղինակները։