Կոմպոզիտոր և դիրիժոր, բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցանակների, շքանշանների և կոչումների դափնեկիր, ավելի քան 20 համալսարանների պատվավոր դոկտոր, բազմաթիվ երաժշտական ակադեմիաների և ասոցիացիաների պատվավոր անդամ, 1997 թվականին հրատարակված «Ժամանակի լաբիրինթոս. 5 դասախոսություն դարավերջին» գրքի հեղինակ։
ХХ դարում ոչ ոք այնպիսի երաժշտական կարիերա չի ստեղծել, որքան նա: Նրա հետ կարող էր համեմատվել միայն Իգոր Ստրավինսկին։
Մանկությունը
Քշիշտոֆ Պենդերեցկին ծնվել է 1933 թվականի նոյեմբերի 23-ին Դեմբիցա քաղաքում, որտեղ մինչ պատերազմն ապրել են հիմնականում հասիդները։ Կոմպոզիտորն ուներ հայկական, գերմանական և լեհական արմատներ. նրա պապը գերմանացի ավետարանիչ էր, իսկ տատը՝ ծնունդով Ստանիսլավովից (ներկայում՝ Իվանո-Ֆրանկովսկ) հայուհի, որը նրան մանկության տարիներին հաճախ տարել է հայկական եկեղեցի՝ պատարագի։
Երաժշտական կրթությունը սկսվել է դաշնամուրի մասնավոր պարապմունքներից, որոնք նա շատ արագ թողեց։ Պենդերեցկին իսկապես սիրահարվեց երաժշտությանը, երբ լսեց հորը ջութակ նվագելիս։ Դաշնամուրով մաքուր ձայնի հասնելը դժվար չէ, բայց ջութակի լարերից ներդաշնակ ձայն ստանալը բավականին լուրջ խնդիր է։ Երիտասարդ Պենդերեցկին ցանկանում էր դառնալ վիրտուոզ, և դպրոցական դասերից հետո ջութակ էր պարապում՝ նվագելով Բախի սոնատները։ Դեռ դպրոցական տարիքում հայրենի քաղաքում նա ստեղծեց իր անսամբլը, իսկ հետո մեկնեց Կրակով՝ բարձրագույն երաժշտական կրթություն ստանալու, որտեղ էլ որոշ ժամանակ անց նշանակվեց կոնսերվատորիայի դասախոս, այնուհետև՝ ռեկտոր:
Միջազգային ճանաչումը
Միջազգային մակարդակով ճանաչում Պենդերեցկին ձեռք է բերել 1959 թվականին Վարշավայի Աշնանային փառատոնում, որտեղ կատարել է Strophen-ը՝ երեք ստեղծագործություններից մեկը, որի համար ազգային երիտասարդ կոմպոզիտորների 2-րդ մրցույթում արժանացել է առաջին մրցանակի ( (մյուս երկու աշխատանքներն են Դավթի սաղմոսները և Ճառագայթումը)։
1959 թվականին գրել է հոգեհանգստյան պատարագ Հիրոսիմայի զոհերի հիշատակին։ Այս երկի համար, որը նրա ամենից հայտնի և առավել հաճախ կատարվող գործերից է, նա արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ -ի մրցանակին։
1966 թվականին գրել է իր առաջին խոշոր աշխատանքը «Չարչարանքներ ըստ Սուրբ Ղուկասին»՝ ի նշանավորումն Մյունսթերի Մայր տաճարի 700-ամյակի։ Պրեմիերան բեկումնային է դարձել Պենդերեցկու կարիերայում՝ նրան դարձնելով ամենից ականավոր կոմպոզիտորը Ստրավինսկիից հետո։
Վյուրտեմբերգի ռադիոյի և պետական թատրոնի պատվերով գրել է «Լեհական ռեքվիեմը»՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի քառասնամյա տարելիցին։
1988 թվականին Պենդերեցկին ստացել է «Գրեմմի»՝ իր Թիվ 2 թավջութակի կոնցերտի (մենակատար՝ Մստիսլավ Ռոստրոպովիչ) համար:
2008 և 2014 թվականներին հյուրընկալվել է Հայաստանում, որտեղ կատարվել են նրա ստեղծագործությունները։
2009 թվականին Հայաստանի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով:
2013 թվականի նոյեմբերի 22-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Քշիշտոֆ Պենդերեցկին երաժշտություն է գրել Վոյցեխ Եժի Հասի «Սարագոսայում հայտնաբերված ձեռագիրը» կտավի համար։
Բազմաթիվ ռեժիսորներ օգտագործել են Պենդերեցկու գրած երաժշտությունը, ինչի շնորհիվ մենք կարող ենք այն լսել, օրինակ, Կուբրիկի «The Shining», Ֆրիդկինի «The Exorcist» և Քուեյ եղբայրների «The Mask» ֆիլմերում:
Պենդերեցկի – ոգեշնչողը
Ջոնի Գրինվուդը՝ Radiohead-ի կիթառահարը, գրել է «48 Responses to Polymorphia»-ն՝ օգտագործելով Պենդերեցկու երիտասարդ տարիքի դասական կոմպոզիցիաները, Pianohooligan-ը թողարկել է ալբոմ, որտեղ Պենդերեցկու ավանգարդ շրջանի երգացանկը հնչում է դաշնամուրով; Maciej Fortuna-ն և An On Blast-ը գրում են կոմպոզիտորի ստեղծագործությունների ռեմիքսներ, որոնք կարելի է լսել գեղարվեստական ֆիլմերում։
Բացի վերոնշյալ հայտնի ստեղծագործություներից՝ Պենդերեցկու այլ նշանավոր գործերից են՝
«Անակլասիս»,
«Magnificat»,
«Ecloga VIII»,
«De natura sonoris» No. 2,
«Actions»,
«Canticum Canticorum Salomonis»,
«Kosmogonia»,
«Pittsburgh Ouverture»,
«Dies Irae — Oratorium ob memoriam in perniciei castris in Oświęcim necatorum inexstinguibilem reddendam»
«Quartetto per archi» No. 3
Concerto Grosso № 2
«Tempo di Valse»
«Fanfarria Real»
Նա հեղինակել է 4 օպերա, 8 սիմֆոնիա և այլ նվագախմբային պիեսներ, բազում գործիքային կոնցերտներ, երգչախմբային ստեղծագործություններ՝ հիմնականում կրոնական տեքստերով, ինչպես նաև կամերային և գործիքային ստեղծագործություններ։