Ասում է «Ռադիո Հայի» Անին
Փոքրամարմին, աշխույժ և նախաձեռնող Անի Սարիբեկյանն ամենաերիտասարդ ռադիոհաղորդավարուհին է: «Ռադիո Հայ» FM հաճախականությամբ ներկայումս վարում է «Հարցակում» (խոսքը հարցերով հարձակման մասին է) հեղինակային շոուն: Նա սովորում է կից Մոնթե Մելքոնյանի անվան համալսարանի ժուռնալիստիկայի բաժնի առաջին կուրսում: Կենսուրախ խառնվածքի շնորհիվ Անին նաև տարբեր ժամանցային ակումբներում կազմակերպում է ուրախ փարթիներ: Անին 2006թ. հանրապետական ասմունքի առաջին մրցանակակիր է, արժանացել է հանրապետության առաջին տիկնոջ` Բելլա Քոչարյանի հատուկ մրցանակին: Մինչ մրցանակակիր դառնալը հավատացած է եղել, որ մրցույթները նախօրոք գնված են լինում, իսկ երբ արժանացել է «Գրան Պրիի», (երջանիկ պատահականությամբ դա համընկել է իր ծննդյան օրվա հետ), փոխել է վերաբերմունքը մրցույթների նկատմամբ: Նա փորձում է նաև երգեր գրել: Կյանքում ամենաշատը չի սիրում, երբ հարվածում են թիկունքից: Նա 14 տարեկանից է մուտք գործել ռադիոասպարեզ: «Շատերը գիտեն, որ Հանրային ռադիո մուտք գործելն այդքան էլ հեշտ չէ: Մի օր որոշեցի ու զանգեցի Հանրային ռադիոյի «Արեգ», (այժմ՝ «Հարի Փոթերի ակումբ») հաղորդաշարի մանկապատանեկան հաղորդման գլխավոր խմբագրին ու ասացի, որ ուզում եմ նրանց մոտ հաղորդում վարել: Լսափողից ինձ պատասխանեցին, թե` «հաղորդավար չեն ուզում դառնալ, այլ հաղորդավար ծնվում են»: Համարձակությունս թույլ տվեց ուղղել երկրորդ հարցը: Ասացի` «Կարո՞ղ եմ գալ ձեզ մոտ, դուք ինձ տեսնեք»: Երկու ամիս անց մանկապատանեկան հաղորդման մեջ արդեն ունեի իմ հեղինակային էջը, որը կոչվում էր «Թիթիզ-միթիզ»: Որոշ ժամանակ անց ներքին ձայնս հուշեց, որ FM ռադիոկայանն է լինելու իմ ուղին: Մի հաղորդման նախագծով գնացի «Ռադիո Հայ»: Երբ մտա ծրագրերի տնօրեն Արտաշես Մկրտչյանի սենյակ, նա ասաց. «Բալիկ ջան, եկել ես մրցանակ տանելո՞ւ»: Գլուխս տարուբերելով ասացի. «Ոչ, եկել եմ ընդունվելու ձեր ռադիո»: Նա շատ զարմացավ ու հարցրեց, թե կարո՞ղ եմ պատմել իրենց ռադիոյի մասին: Անկեղծ ասեմ, «Ռադիո Հայի» մասին ոչինչ չգիտեի, նույնիսկ հաճախականությունը չգիտեի և շփոթված «Հայ ՖՄ» ռադիոկայանի հաճախականությունն արտաբերեցի: Տնօրենը չհանդուրժեց իմ անտեղյակությունը, իսկ ես «չհանձնվեցի» ու առաջարկեցի ընթերցել իմ «Թիթիզ-միթիզ» էջից հատվածներ: Լսելուց հետո նա իմ տարած նախագիծը պատռեց ու ասաց. «Այս ինչ շոումեն է ծնվել, մենք երկուսով ավելի լավ նախագիծ կարող ենք մշակել»,- պատմում է Անին: Զարմանալի չէ, որ «Թիթիզ-միթիզի» հեղինակն իրեն համարում է թիթիզ-միթիզ և կարծում է, որ ցանկացած աղջիկ պետք է փոքր-ինչ թիթիզ լինի: Չնայած Հանրային ռադիոյում նա որոշակիորեն տիրապետել է հեռարձակման տեխնիկային, սակայն լիովին չի պատկերացրել, թե ի՞նչ է սպասվում FM ռադիոկայանում: «Հարցակումը» «Ռադիո Հայում» Անիի 3-րդ նախագիծն է: Նա պարզապես սիրահարված է նորագույն տեխնիկայով հագեցած պոպովյան գյուտին: «Երբ տարիներ առաջ ասմունքի էի գնում Սարգիս Նաջարյանի մոտ, նա ասում էր, որ՝ եթե օրերից մի օր հայտնվեք ռադիոյում, չսիրելով հանդերձ` կսիրահարվեք ռադիոյին: Իրոք, երբ մտնում եմ ռադիոաշխարհ, զգում եմ, որ այնտեղ ամեն ինչ` խոսափողից մինչև եթերասենյակը, սիրում եմ: «Ռադիո Հայն» իմ երկրորդ տունը դարձավ: Շաբաթը մեկ անգամ էի եթերի, բայց ամեն օր պատրվակ էի փնտրում՝ գնալ ռադիո` տեսնել ընկերներիս, ծրագրերի տնօրենին, ով իմ ամենամեծ քննադատն է և ամենալավ բարեկամը»,- ասում է Անին: Նախասիրած զբաղմունքի մեջ հաջողության հասնելու համար Անին կարևորում է ձգտումը և աշխատասիրությունը: «Ինձ համար դրանք են նախադրյալները: Շատերը հաճախ զարմանում էին, թե ինչպես կարող է 14 տարեկան աղջիկը մուտք ունենալ Հանրային ռադիո, և կարծում էին, որ ինձ այդ հարցում սատարողներ են եղել:
Կարծում եմ, որ եթե ինչ-որ մի բան շատ սիրես, անպայման կհասնես դրան: եթե տարբեր գործեր չբռնես ու մի կետի նայես, կարող ես բարձրանալ վեր: Ես դեռ չգիտեմ, ո՞ր սանդղակի վրա եմ, բայց հաստատ գիտեմ, որ հարյուր հարկանի աստիճանների ամենացածրում եմ: Ձգտում եմ դառնալ ամենալավագույն հաղորդավարը, ոչ թե կոչումով, այլ, որպեսզի ունկնդիրներն ինձ սիրեն և ստանան ինձանից այն, ինչ-որ իրենց հարկավոր է… Վերջերս հարազատներիցս մեկի հետ դժբախտ պատահար էր տեղի ունեցել: Ընդամենը 2 օր հետո ես մտել եմ ուղիղ եթեր, որովհետև սիրում եմ ռադիոն ու իմ հաղորդումը»,- ասում է նա: «Կյանքում ավելի հետաքրքիր բաներ կան, ուղղակի խղճում եմ այն երիտասարդներին, որ կախվածության մեջ են հագուստից, դիսկոտեկաներից, խմիչքից և նման այլ երևույթներից»,- նկատում է փոքրիկ շոումենը, ում հետաքրքրությունների շրջանակում միջնադարյան գրականությունն է, մաշտոցյան շարականները, Նարեկացին: «Իմ հաղորդման ընթացքում շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչներին հարցերով ենթարկում եմ հարձակման: «Հարցակման» հերթական թիրախ դարձած հյուրիս, օրինակ, կարող եմ հարցնել, ասենք, ինչպիսի՞ն է լինում համբույրը` «թա՞ց», «չլմփա՞ն», թե՞ «ներքին խոռոչային», կամ ո՞ւմ քիթն է ամենամեծը` Մհեր Մկրտչյանի՞նը, Մայքլ Ջեքսոնի՞նը, թե՞ Գրանդ Քենդիի փղիկինը: Երբեմն քննադատողները չհանդուրժելով՝ դիտողություն են արել, թե ինչպե՞ս կարելի է եթերում նման հարցեր տալ: Պարզապես ցանկացել եմ ձերբազատվել նույնացումից: Որքան էլ ծրագրերի տնօրենն ինձ սաստում է՝ եթերում չգոռալ ու չծիծաղել, միևնույն է, անում եմ այն, ինչ ցանկանում եմ: Եթե ինչ-որ մեկը տրամադրություն չունենա և միանա «Հարցակմանը», մի աշխույժ ձայն կմտնի նրա բնակարան, անկախ նրանից՝ այդ օրը լավ կամ վատ օր է,- ասում է Անին և հավելում,- Բազմիցս հնչող այն մտքի հետ, թե շոու-բիզնեսը կեղտոտ բնագավառ է, այնքան էլ համաձայն չեմ, քանի որ շատ հաճելի է լինել այս բնագավառում: Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր դեռ մի քանի տարի առաջ ինձ շատ «անհասանելի» էին թվում, հերթով դառնում են իմ «Հարցակման» թիրախը: Երբ նրանք տեսնում են, որ ես տարիքով փոքր եմ, սկսում են ինձ ավելի շատ սիրել: Համենայնդեպս նրանց վերաբերմունքից ես այդ եմ զգում»:
Նաիրա Մարտիրոսյան
«3 Միլիոն»