Սիրո տոնը՝ սիրային երգերով. Վալենտինի օրվա առթիվ Միհրան Ծառուկյանն ու Քրիստինե Պեպելյանը համերգ ունեցան Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում: Երեկոն վարում էր Լուսինե Բադալյանը: Tert.am Life-ը ներկա է եղել միջոցառմանն ու ներկայացնում է երեկոյի հետաքրքիր պահերը:
Tert.am Life-ի հետ զրույցում Միհրանն ասաց, որ կարոտում է Երևանի հանդիսատեսին: «Արդեն չեմ հիշում՝ վերջին անգամ երբ ենք համերգ ունեցել Հայաստանում, քանի որ հիմա շատ քիչ են համերգներ կազմակերպվում: Դա շատ վատ է»,- ասաց երգիչն ու հավելեց, որ հանդիսատեսի հանդեպ կարոտը ստիպում է ավելի զիջող լինել պայմանավորվածություններ ձեռք բերելիս: «Իհարկե, ուշադրություն եմ դարձնում պայմաններին, ունեմ իմ պայմանները, բայց այնքան խիստ չեմ, որքան առաջ: Այն ժամանակ համերգները շատ էին և կարողանում էինք պահանջներ ներկայացնել: Հիմա մի քիչ զիջողական ենք, ուրախանում ենք, որ Երևանում համերգ է կազմակերպվել:Կարոտում եմ Երևանի հանդիսատեսին»,- ավելացրեց նա:
Միհրանն ընտրել էր իր երգացանկի պարային երգերը՝ հաշվի առնելով նաև հիթային լինելը: Նա կատարեց «Մայրիկ», «Ծնունդդ շնորհավոր», «Ты Моя», «Հիմա կիմանա», «Գնա-գնա», «Հայաստան» ստեղծագործությունները:
Քրիստինե Պեպելյանը ևս նշեց, որ նախապատվությունը տվել է պոզիտիվ, սիրային երգերին: «Երգելու եմ այն երգերը, որոնց հետ կապված մարդիկ հիշողություններ ունեն, որոնք ինքս սիրում եմ և հաճույք եմ ստանում երգելուց: Կլինեն ինչպես պարային, այնպես էլ ռոմանտիկ երգեր: Ունեմ հետաքրքիր անակնկալ, որովհետև այսօր պիտի ներկայացնեմ պրեմիերա՝ ներկայանալու եմ Կոնսերվատորիայի ուսանողներիս հետ: Սա մեր առաջին համատեղ աշխատանքն է: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ ուսանողներիս ներկայացնելու հասարակությանը: Մարդիկ կտեսնեն, թե որքան սիրուն ու գունավոր են իրենք: Երգելու ենք շատ սիրված մի երգ՝ Մարտիկի երգը, որը մեզանում տարածված է «Թռչեի մտքով տուն» անվամբ: Նոր գործիքավորում ենք արել, ձայնագրվել ենք Հայկոյի ձայնագրման ստուդիայում»,- մինչև համերգի մեկնարկն ասաց Քրիստինեն:
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
Ամբողջությամբ՝ life.tert.am