Փետրվարի 14-ը երգչուհի Սոնա Շահգելդյանի համար կրկնակի տոնական օր է: Այդ օրը նա առաջին հերթին նշում է ծննդյան տարեդարձը, ապա սիրո տոնը:
Life.panorama.am-ին երգչուհին պատմել է, թե ինչպե՞ս է տոնական օրն անցկացրել, ովքե՞ր են ներկա եղել ու ի՞նչ նվերներ է ստացել:
«Կարծում եմ՝ պատահական չէ, որ ծննդյանս օրը համընկել է Սուրբ Վալենտինի տոնի հետ: Ինձ համար հաճելի է գիտակցումը, որ այդ օրը ողջ աշխարհը տոնում է որպես սիրո տոն: Կյանքում սերը շատ եմ կարևորում, թերևս կյանքի միակ իմաստը սերն է՝ իր բոլոր դրսևորումներով. երջանիկ է այն մարդը, ով սիրում է ու սիրված է: Գուցև օրվա խորհուրդն է պատճառը, որ իմ մեջ սերը շատ է»,- մեզ հետ զրույցում նշեց 31-ամյա երգչուհին ու ընդգծեց՝ տարիների գումարն իր վրա ոչ մի վատ ազդեցություն չի ունենում.
«Եթե կան մարդիկ, ովքեր իրենց ծննդյան օրերին տխրում են, ապա ինձ մոտ ճիշտ հակառակն է: Ես շատ ուրախ եմ լինում այդ օրը և երեկ բացառություն չէր: Կարծում եմ՝ մարդու տարիքը կապ չունի իր հոգեվիճակի հետ: Կարևորը թեթև ու ուրախ ապրելն է, սիրել կյանքն ու քեզ շրջապատող մարդկանց: Անգամ կարևոր չէ՝ արտաքնապես մեծ ես երևում, թե՝ ոչ: Ես երբեք չեմ կենտրոնանում տարիքիս վրա, թեև շնորհակալ եմ Աստծուն, որ արդեն 18 տարի է, իմ սիրելի բեմում եմ, նաև ունեմ ամուսին ու հրաշք փոքրիկ, ով կյանքիս իմաստն է»,- հավելեց Սոնան:
Երգչուհին ամեն տարի ծննդյան օրը խնջույք է կազմակերպում, երեկ ևս ընկերական մթնոլորտում փոքրիկ հավաքույթ է կազմակերպել.
«Սիրում եմ տարեդարձս նշել: Երեկ երևանայն ռեստորաններից մեկում ըկերական շրջապատով նշեցինք իմ օրը: Ներկաների թվում էին իմ մտերիմ ընկերները, մայրս, տատիկս, ամուսինս ու բալիկս: Շատ հաճելի երեկո ունեցանք, կարևորը՝ անկեղծորեն բոլորը ուրախացան»,- նշեց երգչուհին:
Հետաքրքրվելով՝ թե ի՞նչ նվեր էր պատրաստել ամուսինը, պատասխանեց.
«Նախ պետք է ասեմ, որ ես էլ բոլոր կանանց նման սիրում եմ, երբ հաճելի անակնկալներ են մատուցում ինձ, սակայն նվերի արժեքը երբեք չեմ կարևորում: Երեկ շատ նվերներ ու անակնկալներ ստացա, բայց ինձ համար կարևորը հարգանքն ու սերն է իմ հանդեպ: Ուրախ եմ, որ սիրված եմ ոչ միայն շրջապատիս կողմից, այլև ամուսնուս ծնողերի, որոնց նկատմամբ ինքս էլ մեծ սիրով ու հարգանքով եմ լցված: Ինչ վերաբերում է ամուսնուս նվերին՝ նա ինձ շատ գեղեցիկ ծաղկեփունջ նվիրեց ու գումար, որպեսզի ինքս ընտրեմ իմ նվերը»:
Սոնա Շահգելդյանն ինքն իրեն մաղթում է պահպանել ունեցածը.
«Երջանիկ լինելու համար ես բոլոր պայմանները ունեմ, որի համար շնորհակալ եմ Աստծուն, ուզում եմ, որ պահպանվի այս ամենը: Իսկ ընհանուր առմամբ՝ ցանկություներս ավելի շատ համամարդկային են՝ ուզում եմ մարդիկ առողջ լինեն ու պատերազմներ չլինեն»,- ավարտեց երգչուհին:
Ամբողջությամբ՝ life.panorama.am