Երգիչ Սևակ Ամրոյանը նորություններ ունի, որոնց մասին առաջինը պատմել է Tert.am Life–ին։ Երգիչն այսօր իր լսարանին կներկայացնի նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է զուգերիգի հիման վրա։ Այս անգամ նա համագործակցել է սփյուռքում հայրենասիրական երգերի հայտնի մեկնաբան Գառնիկ Սարգիսիանի հետ։
Երգը կոչվում է «Արժանի», որը նվիրված է հայ հերոսներին։ Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Էդմոն Մակարյան է, գործիքավորումն արել է Դեր Հովան։
«Գառնիկի հետ երգելու ցանկությունն իմն է եղել։ Նրան առաջարկեցի աշխատել միասին, սիրով համաձայնեց։ Երբ Միացյալ Նահանգներում հանգստանում էի, որոշեցինք աշխատել տեսահոլովակի վրա, որի մեծ մասը ձայնագրման ստուդիայում է նկարահանվել։ Քանի որ երգը հայրենասիրական է, չցանկացա տեսահոլովակը նկարահանել Ամերիկայի տեսարժան վայրերում։ Երբ վերադարձանք Երևան, իմ ընկերների մասնակցությամբ մի քանի կադրեր էլ նկարեցինք»,– ասաց Սևակը։
Երգիչը նշեց, որ տեսահոլովակը ռեժիսոր չունի։ «Ռեժիսորական աշխատանք, որպես այդպիսին, չկա։ Մեր մտահաղացումն է եղել: Նկարել ենք այն, ինչ պատկերացրել ենք»,– հավելեց երգիչը։
Սևակի հաճելի անակնկալ ունի նաև սփյուռքահայ երկրպագուների համար: Շուտով նա համերգային ծրագրով շրջագայելու է Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում։ «Մարտին կլինեմ Ռուսաստանի մի շարք քաղաքներում, մայիսին` Միացյալ Նահանգներում։ Հայաստան վերադառնալուն պես ցանկանում եմ այստեղ էլ մեծ մենահամերգով ներկայանալ, բայց դա դեռ հստակ չէ։ Կարծում եմ՝ հասունացել է պահը։ Հատկապես, որ նշելու առիթ կա։ Այս տարի իմ բեմական գործունեության 10 տարին է»,– եզրափակեց Սևակը։
Ամբողջությամբ՝ life.tert.am