Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն ավարտում է ֆուտբոլիստի կարիերան: Ֆուտբոլիստը հուզիչ հոլովակով դիմել է հավաքականի երկրպագուներին ու ֆուտբոլային հանրությանը:
«Սա անմոռանալի ճանապարհորդություն էր: Չեմ կարող մի հոլովակում հայտնել իմ հիացմունքը ձեր հանդեպ: Այն աջակցությունը, որ ստացել եմ ձեզանից, անգնահատելի է ինձ համար: Այն չուներ սահմաններ: Շնորհակալություն: Հիմա կլինեմ ձեզանից մեկը՝ Հայաստանի հավաքականի ֆանատը … միշտ՝ ցանկացած իրավիճակում, ցանկացած հաշվի ժամանակ:
17 տարին երկար ժամանակ է: Հիմա տղաս է զբաղվում, ես հույս ունեմ, որ մենք կպահենք այս կապը, այն չերևացող կապը, որ միշտ եղել է մեր մեջ»- ասել է Գևորգ Ղազարյանը ՀՖՖ-ի պատրաստած տեսանյութում՝ չկարողանալով զսպել արցունքները:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը կարիերան սկսել է 2006 թվականին: Երևանի «Փյունիկի» սանը նախկինում խաղացել էր «Բանանցում» (ներկայումս՝ «Ուրարտու») Դոնեցկի «Մետալուրգում», Կարագանդայի «Շախտյորում», հունական «Օլիմպիակոսում», «Կերկիրայում» և «Լամիայում», պորտուգալական «Մարիտիմուոմ» և «Շավիշում», կիպրական «ԱԵԼ Լիմասոլում»:
Ղազարյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 76 հանդիպման, խփել 14 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում: