Կատալոնական «Բարսելոնան» կարծես թե ստեղծում է իր երկրպագուների համար տհաճ ավանդույթ՝ պարտվել 4:0 հաշվով եվրոպական որևէ ակումբից:
Յոհան Կրոյֆի կատալոնական առագաստը խորտակվեց միլանյան ալիքների հորձանուտում դեռ 1994 թվականին, Գվարդիոլայի՝ 0-ից ստեղծած տիկա-տիկան 0-ի հավասարվեց 2013 թվականին՝ Մյունխենի «Բավարիայի» կողմից: Իսկ հիմա էլ կատալոնացիները ստացան փարիզյան ապտակ:
Երեկվա խաղից հետո բոլորը սպասում էին կատալոնացիների մարզիչ Լուիս Էնրիկեի արձագանքին: Ողջ խաղի ընթացքում հաղթողի պահվածքով, հանգիստ, զուսպ և կարծես ամեն ինչ կառավարող Էնրիկեն խաղավարտին պատրաստ էր անգամ հարվածել լրագրողներին, և միակ բանը, որ կարողացավ ասել, այն էր, որ ողջ մեղավորությունն իրենն է:
Կատալոնացիների երկրպագուները ևս հավատացած են, որ մեղավորությունը Էնրիկեինն է, բայց մի՞թե խնդիրը միայն այս խաղում էր:
Կատալոնական «Բարսելոնայի» ներքին կոնֆլիկտների, սկանդալների մասին շատ ենք խոսել: Փաստը մեկն է՝ կատալոնացիները չեն կարողանում հաղթահարել ներքին լարվածությունը, իսկ սրան էլ գումարվում են Էնրիկեի տարօրինակ որոշումները: Դժվար թե գտնվի ֆուտբոլային գոնե մեկ փորձագետ, ով կհասկանա, թե ինչ էր անում դաշտում Անդրե Գոմեշը, այն էլ՝ այն դեպքում, երբ խաղին պատրաստ էր Իվան Ռակիտիչը: Ամբողջ մրցաշրջանում Էնրիկեն անգամ չփորձեց խաղալ կատալոնացիների համար դասական 4-3-3 մարտավարությամբ և ամբողջ հույսը դրեց MSN եռյակի վրա:
Մեսսին, Սուարեսն ու Նեյմարը, իհարկե, հրաշալի ֆուտբոլիստներ են և երևի թե լավագույն եռյակն են ֆուտբոլի պատմության մեջ: Նրանք իրենց հետևից տանում են թիմը՝ հատընտիր ֆուտբոլիստներ, ում իր թիմում կցանկանար տեսնել յուրաքանչյուրը: Սակայն լինում են պահեր, երբ այս երեք ֆուտբոլիստներն անգամ չեն կարողանում օգնել թիմին: Իրավիճակն ավելի է բարդանում հատկապես այն ժամանակ, երբ հասկանալի է դառնում, որ այս երեքից մեկի ոչ վստահ խաղի դեպքում անգամ կատալոնական ակումբի պահեստայինների նստարանին չկա ֆուտբոլիստ, որ կարող է արժանիորեն փոխարինման դուրս գալ: Մյուս կողմից էլ՝ Էնրիկեն երբեք չի փայլել օգտակար փոխարինումներ անելու կարողությամբ:
Էնրիկեն այն մարզիչն է, որ ոչ հեռավոր անցյալում կատալոնացիների հետ հաղթեց Չեմպիոնների լիգան և նվաճեց տրեբլ: Այս հաղթանակները ոչ ոք նրանից չի խլում, սակայն կա տպավորություն, որ Էնրիկեն սպառել է իրեն կատալոնական ակումբում: Էնրիկեն այն մարզիչն է, որ այնպես էր մոտիվացնում իր ֆուտբոլիստներին, որ պատասխան խաղերում լուծելու խնդիրներ չէին լինում: Այսօր Էնրիկեն այն մարզիչն է, որ միջակ թիմի խաղով պարտվում է 4:0 հաշվով:
Մի կողմ թողնելով «Բարսելոնայի» բոլոր խնդիրները՝ պետք է նշել, որ «կապտանռնագույնները» 90 տոկոսով հրաժեշտ կտան Չեմպիոնների լիգային: Գուցե կատալոնացիները պետք է շնորհակա՞լ լինեն ՊՍԺ-ին՝ առաջին հերթին՝ սթափեցնող ապտակի համար: Բացի այդ, եթե Էնրիկեն կարողանա ինչ-որ կախարդական քայլով անել այնպես, որ կատալոնացիները դուրս գան ¼ եզրափակիչ, ապա փետրվարի 14-ը Փարիզում կմոռացվի, իսկ «Բարսելոնան» ու Էնրիկեն էլ իրենց անունը կգրեն պատմության մեջ:
Վերջին անգամ «Բարսելոնան» 4:0 հաշվով պարտվեց «Բավարիային» 2013 թվականին: Այդ պարտությունը կոչեցին Գվարդիոլայի տիկի-տակայի դարաշրջանի ավարտը: Եթե Էնրիկեն ոչինչ չփոխի, ապա սա էլ կլինի նրա դարաշրջանի ավարտը: Եթե, իհարկե, այդ դարաշրջանը երբևէ սկսվել էր:
Սիրարփի Աղաբաբյան