Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման սկզբնական շրջանը երգիծական ոճի մեջ ներկայացնող տեսահոլովակը, որը պատրաստել են հայկական ArmComedy քաղաքական-երգիծական հաղորդման հեղինակները, վիրուսային տարածում է ստանում համացանցում: Տեսանյութին անգամ ««Հայկական այլընտրանքային առաջին» կեղծ գովազդը մինչ օրս ամենահիանալի սատիրան է Թրամփի մասին» խորագրով անդրադարձել է pjmedia.com-ը:
«Դուք պետք է տեսնեք այն, դա ուղղակի հիասքանչ է: Մյուս ֆեյք լրատվական երգիծական հոլովակները խիստ կաղում են սրա համեմատությամբ»,- գրում է կայքը:
Տեսանյութի սկզբում ասվում է. «Հարգելի պարոն Թրամփ, մենք գիտենք, որ Ամերիկան առաջինն է և կան մի ամբողջ խումբ այսպես կոչված եվրոպական երկրներ, որոնք ցանկանում են լինել երկրորդը կամ երրորդը: Բուլղարիան անգամ համաձայն է լինել տասներորդը: Կատարյալ ձախողակներ: Մենք` հայերս, համաձայն ենք լինել այլընտրանքային առաջինը: Կամ ինչպես ասում են կեղծ լրատվամիջոցները` երկրորդը»:
ArmComedy-ի հեղինակները նշում են, որ հայերը խելացի են գտնվել` աշխարհում առաջինն ընդունելով քրիստոնեությունը, որպեսզի խուսափեն մուսուլմանների դեմ սահմանված արգելքներից: «Թրամփը կսիրի Հայաստանը, քանի որ Ռուսաստանը մեր ընկերն է: Մենք այնտեղից կարող ենք ցանկացած բան բերել ձեզ համար` օղի, արջեր, մերկ աղջիկներով գաղտնի տեսագրություններ»,- տեսանյութում ասում են նրանք: