Դերասան Մարկ Ռուֆալոն արձագանքել է Քարդաշյանի՝ Արցախին սատարելու կոչին
Advertisement 1000 x 90

Դերասան Մարկ Ռուֆալոն արձագանքել է Քարդաշյանի՝ Արցախին սատարելու կոչին

Ամերիկացի դերասան, պրոդյուսեր Մարկ Ռուֆալոն X սոցցանցի իր միկրոբլոգում կիսվել է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կոչով, որով աստղային հայուհին դիմել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ խնդրելով կանգնեցնել երկրորդ հայոց ցեղասպանությունը:

«Սա լուրջ խնդիր է, որին լրատվամիջոցները չեն անդրադառնում», – միկրոբլոգում գրել է «Էմմի» , «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր, «Օսկար», ԲԱՖՏԱ, «Գրեմմի» և «Թոնի» մրցանակների հավակնորդ Ռուֆալոն՝ կիսվելով Քարդաշյանի հրապարակմամբ:

Հիշեցնենք, որ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում Արցախին սատարող գրառում էր կատարել` կից հրապարակելով հումանիտար իրավիճակի վերաբերյալ լուսանկարներ։

«Իմ խնդրանքն է նախագահ Ջո Բայդենին՝ կանգնեցնել հայերի ևս մեկ Ցեղասպանություն։ ԱՄՆ-ի ու աշխարհի ժամն է՝ քայլեր ձեռնարկելու հայերին պաշտպանելու Ադրբեջանից»,- նշել էր Քարդաշյանը։

Բացի այդ, նա իր ինստագրամյան էջում տեղադրել է Rolling Stone-ում հրապարակված հոդվածի (My Plea to Joe Biden to Stop Another Armenian Genocide) հղումը։

Հոդվածը հեղինակել են Քարդաշյանը և ամերիկահայ պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը։

«Մենք հայ ենք։ Մենք Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն ենք և չենք ցանկանում ապագայում խոսել ևս մեկ ցեղասպանության ճանաչման կամ ոգեկոչման մասին»,- նշվում է հոդվածում:

Նրանք գրել են, որ անցյալ տարվա դեկտեմբերից Ադրբեջանը շրջափակել է Արցախի բնիկ քրիստոնյա հայերի և մնացած աշխարհի միջև միակ փրկօղակը։