Կան գլուխգործոցներ, որոնց ստեղծման պատմությունը նույնքան հրաշալի է, որքան հենց իրենք՝ գլուխգործոցները։ Այդպես մոսկովյան մի կեղտոտ գարեջրատանը «հանդիպեցին» Պարույր Սևակն ու Կոմիտասը։
«Իմ գիտակցական ամբողջ կյանքում ես տառապել եմ եթե կարելի է ասել, կոմիտասասիրությունից։ Գրել Կոմիտասի մասին, հավասարազոր է գրել հայ ժողովրդի վերջին 100 տարվա պատմությունը՝ ժողովրդի կյանքով ու երազանքներով, կենցաղով ու գոյամարտով, երգ ու լացով, եվրոպական դիվանագիտությամբ, ազգագրությամբ ու ազգագիտությամբ, անցյալով ու ապագայով։… Իմ ողջ կյանքում ես մտքիս մեջ գրել եմ «Զանգակատունը», գրել եմ զանազան ձևերով. իբրև վեպ, իբրև վիպակ, իբրև ուսումնասիրություն, իբրև հոդվածների շարք, իբրև ողբերգություն կամ դրամա. ես գիտեի, որ դա մի օր պիտի գրվի»,- մի առիթով խոստովանել է բանաստեղծը, բայց այդ մի օրը դեռ պիտի գար․․․
Ծանր էին մոսկովյան տարիները բանաստեղծի համար, բայց կարիքը երբեք չկարողացավ նրան նետել «հացի խնդրի» մեջ։ 1956 թվականին գերազանցության դիպլոմով ավարտեց Մաքսիմ Գորկու անվան գրական ինստիտուտը, որից հետո նրա առջև բացվեցին ստեղծագործական թռիչքի տարիներ։ Հայ ժողովրդի մեծագույն ողբերգության ՝ 1915 թվականի Եղեռնի , Կոմիտասի և հայ մյուս մտավորականների ողբերգության թեման ուսանողության տարիներից սկսած մտատանջում էին Պարույր Սևակին։ Մոսկվայում ապրած տարիներին ստեղծել էր կոմիտասյան ձայնապնակների մի հարուստ հավաքածու, որպեսզի ուզած ժամանակ կարողանար լսել Կոմիտասի երգը. դողդողում էր այդ հավաքածուի վրա. հանկարծ մի բան չպակասի։ Եվ Սևակի շրջապատում շատ շատերը հենց նրա շնորհիվ կապվեցին ու սիրեցին կոմիտասյան երգարվեստը։ Կոմիտասն ամենուրեք եղել է նրա հետ. հայրենի գյուղում, Երևանում, Մոսկվայում, օտարների և մտերիմների շրջապատում, ուրախության և թախծի ժամերին, ընկերական հավաքույթների ու հանդիպումների ժամանակ, առանձնության և մենության մեջ։
«Իմ գիտակցական ողջ կյանքում ես եղել եմ նրա հետ, եթե կարելի է ասել՝ նրա մեջ, ինչպես բջիջը մարմնում, և այդպես էլ կգնա մինչև այն օրը, որ վախճան է կոչվում»,- այսպես է բանաստեղծն արտահայտել իր սերն ու պաշտամունքը Կոմիտասի հանդեպ։
Կոմիտասի մասին բազմաթիվ մտորումներն ու գրառումները անվերջ խոսում էին Սևակի՝ հայ մեծ երգահանով տարված լինելու մասին։ Բանաստեղծը խորը փնտրտուքի մեջ էր. մտածում և գտավ «հայ երգի Մեսրոպ Մաշտոցին» երախտահատույց լինելու ձևը։
«Եվ աղմկոտ, կեղտոտ, ցուրտ, ծխաշատ գարեջրատանը, հեռավոր Մոսկվայում հանկարծ ռադիոյից հնչեց կոմիտասյան երգը։ Ինձ համար ամեն ինչ պարզվեց մի վայրկյանում. պարզվեց նախ վերնագիրը՝ «Կոմիտասյան համանվագ», հետո՝ «Զարմանալի զանգակատուն», ապա նաև՝ կառուցվածքը՝ ըստ կոմիտասյան երգերի. այսինքն՝ շարադրել Կոմիտասի ողջ կյանքը՝ ըստ նրա համապատասխան երգերի. եթե որբ է, «Անտունի», եթե պանդուխտ է, «Կռունկ», եթե սիրո մասին է, «Սոնա յար»։ Եվ քանի որ գործը հղացված էր իբրև համանվագ՝ սիմֆոնիա, կամ իր եկեղեցական կարգը նկատի ունենալով՝ իբրև օրատորիա, ուրեմն պիտի ունենար իր հանդիսավոր սկիզբը։ Այդ պատճառով էլ գարեջրատնից տուն հասնելով՝ նույն օրը գրեցի պոեմի այն մասերը,որոնք հետո պոեմի կառուցվածքի թելադրանքով սկզբից տեղափոխվեցին վերջը»։
Եվ ահա՝ 1959 թվականին «Անլռելի զանգակատունը» ճայթեց։
Հովհաննես Շիրազը Պարույր Սևակի այս գործը բնորոշոց այսպես․ «Պարույրի «Անլռելի զանգակատունը» մասիսված գործ է, չարենցյան շնչով և թափով ժայթքված պոեմ, դե ինչ պոեմ. դա մեր ժողովրդի պատմության սթափ ղողանջն է։ Պարույրը Նարեկացի է։ Գրիգոր Նարեկացու օրհնանքը, թափը, մռնչոցը, պատկերները, բողոքը և վարպետությունը կա նրա հրաժայթք տողերում»։