Բիրմինգհեմի համալսարանի գիտնականները պարզել են, որ էլեկտրոնային սիգարետի գոլորշիների կարճ ներքաշումը կարող է խանգարել նեյտրոֆիլների իմունային բջիջների աշխատանքին, եւ հնարավոր է, որ բարձրացնի շնչառական հիվանդությունների հավանականությունը։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Allergy and Clinical Immunology-ում։
Հետազոտողները վերցրել են արյան նմուշներ առողջ մարդկանցից, որոնք երբեք չեն ծխել եւ վեյփ չեն օգտագործել։ Հետո թիմը նեյտրոֆիլների իմունային բջիջները, որոնք վերցվել են արյունից, ենթարկել են արոմատիզատոր չպարունակող վեյփի 40 ներքաշման ազդեցությանը, ինչը համապատասխանում է ամենօրյա ցածր ներգործությանը։
Թեստերի կեսում օգտագործվել են նիկոտին պարունակող գոլորշիներ, կեսում՝ առանց դրա։ Թեստերի արդյունքները ցույց են տվել, որ երկու խմբերում նեյտրոֆիլները ողջ են մնացել, բայց կորցրել են շարժվելու եւ վարակիչ սպառնալիքների դեմ պայքարելու ունակությունը։
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ նեյտրոֆիլների վնասումը, որն առաջ է եկել սովորական սիգարետներ ծխելուց, կարող է հանգեցնել թոքերի երկարաժամկետ վնասման։ Հետեւաբար, գիտնականները կարծում են, որ էլեկտրոնային սիգարետների մշտական օգտագործումը կարող է մեծացնել շնչառական հիվանդությունների հավանականությունը։ Հեղինակները նշել են, որ էլեկտրոնային սիգարետները կարող են օգնել հրաժարվել ծխելուց, բայց իրենց արդյունքները ցույց են տալիս, որ այդ սարքերն անվնաս չեն։
Նեյտրոֆիլների հետ կատարված հետագա փորձերը ցույց են տվել, որ դրանց շարժունակության խախտումը կապված է եղել բջիջների ներսում միկրոֆիլամենտների (F-ակտին) կուտակման հետ։ Ակտինը սովորաբար գտնվում է բջիջների ներսում ոչ մեծ թելերի տեսքով եւ ձեւավորում է ցանց, որը պահպանում է բջջի ձեւը։