ԱՄՆ Սենատում տեխնոլոգիական հսկաների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում, որի ժամանակ քննարկվել են արհեստական բանականության (ԱԲ) ռիսկերին, կարգավորումներին ու ապագային վերաբերող հարցեր, տեղեկացնում է CNN-ը։
Սա այս ձևաչափով նախատեսված ինը հանդիպումներից առաջինն է, որը կազմակերպել է Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը։ Հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքացիական հասարակության առաջնորդներ և ավելի քան 60 սենատոր: Հանդիպումների շարքը նպատակ ունի ձևավորել ընդհանուր համաձայնություն մի շարք հարցերի շուրջ, քանի որ Սենատը պատրաստվում է օրենքի նախագիծ մշակել արագ զարգացող ԱԲ արդյունաբերությունը կարգավորելու համար:
Դուրս գալով երեք ժամ տևած հանդիպումից՝ X-ի սեփականատեր Իլոն Մասկը լրագրողների հետ զրույցում ասել է․ «Կա ինչ-որ հավանականություն՝ զրոյից բարձր, որ արհեստական բանականությունը կսպանի մեզ բոլորիս: Կարծում եմ, որ այդ հավանականությունը ցածր է, բայց որոշ հավանականություն կա։ Արհեստական բանականությունը սխալ օգտագործելու հետևանքները ծանր կլինեն»:
Մասկը նաև ասել է, որ այս հանդիպումը «կարող է պատմության մեջ մտնել որպես շատ կարևոր քաղաքակրթության ապագայի համար»:
Հանդիպումից հետո Չակ Շումերը լրագրողներին ասել է, որ բոլոր ներկաները համաձայնել են, որ դաշնային կառավարությունը պետք է վերահսկի արհեստական բանականության ոլորտը, սակայն դեռ հասկանելի չէ, թե ինչպիսին պետք է լինի կառավարության դերը։
Շումերը նշել է, որ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը խոսել է այն մասին, որ ԱԲ-ն կարող է օգտագործվել աշխարհում քաղցած մարդկանց կերակրելու համար, իսկ ներկաներից մեկը, որի անունը նա չի նշել, կոչ է արել տասնյակ միլիարդներ ծախսել «տրանսֆորմացիոն նորարարության» վրա, որի շնորհիվ կարող են բացահայտվել ԱԲ-ի առավելությունները։
Չակ Շումերն ասել է, որ իրենք ցանկանում եք առավելագույնի հասցնել ԱԲ-ի օգուտները և նվազագույնի հասցնել դրա հնարավոր վնասը: «Եվ հենց դա կլինի մեր դժվար աշխատանքը»,- ասել է նա:
Հանդիպումից դուրս եկած սենատորներն ասել են, որ լսել են ԱԲ-ի հեռանկարների լայն շրջանակ, արհմիությունների ներկայացուցիչները բարձրացրել են մարդկանց աշխատանքից զրկվելու խնդիրը, իսկ քաղաքացիական իրավունքներով զբաղվողներն ընդգծել են, որ անհրաժեշտ է ունենալ ներառական օրենսդրական գործընթաց, որը լսելի կդարձնի հանրության բոլոր շերտերի ձայնը։
Վաշինգտոնից դեմոկրատ սենատոր Մարիա Քենթվելն ասել է, որ շատերն են համաձայնել, որ ԱԲ-ն չի կարող ինքնահոսի թողնվել։ «Ես կարծում եմ, որ Microsoft-ից Սատյա Նադելան դա լավագույնս ասաց. «Երբ խոսքը ԱԲ-ին մասին է, մենք չպետք է մտածենք ավտոպիլոտի մասին: Պետք է ունենաք օդաչուներ»»։
Քենթվելը նշել է, որ ներգրավվածության նկատելի պակաս կար հանդիպմանը որոշ՝ ավելի դժվար հարցերի շուրջ, օրինակ՝ թե արդյոք նոր դաշնային գործակալություն է անհրաժեշտ ԱԲ-ը կարգավորելու համար: «Դրա մասին որևէ քննարկում չի եղել»,- ասել է նա՝ հավելելով, որ թեև հանդիպմանը մի քանիսը բարձրացրել են Առևտրի դեպարտամենտի գործակալության մարմիններից մեկի՝ Ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտին ավելի մեծ վերահսկողական պարտականություններ վերագրելու հարցը։
Մասկն իր հերթին ասել է, թե կարծում է, որ հավանական է, որ ինչ-որ պահի ԱԲ-ն կարգավոր որևէ անկախ գործակալություն։