Բացառիկ դեպք է հայտնաբերվել «Նորք-Մարաշ» ԲԿ-ում՝ 14–ամյա տղայի մոտ աջ թոքի թերզարգացածության պատճառով միջնորմը և սիրտը գտնվում են կրծքավանդակի աջ կեսում։ Այս մասին հայտնում են բուժհաստատությունից։
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն դիմելիս 14–ամյա տղայի գանգատը եղել է աջ կողմից սրտխփոցի զգացումը (մայրիկի խոսքերով՝ երեխան դա նկատել է դեռ 1 տարի առաջ ֆուտբոլ խաղալիս)։
Էխոսրտագրության ժամանակ երեխայի սիրտը աջից էր, սակայն դա սովորական դեկստրակարդիա չէր, ինչը բժշկի մոտ կասկած առաջացրեց, որի կապակցությամբ կատարվեց կրծքավանդակի կոնտրաստ համակարգչային տոմոգրաֆիա։
Արդյունքը տպավորիչ էր։ Երեխայի մոտ առկա էր աջ թոքի ագենեզիա (թոքը չի զարգացել, համապատասխանաբար բացակայում էին նաև աջ գլխավոր բրոնխը, աջ թոքային զարկերակը և աջ թոքային երակները), ինչի հետևանքով միջնորմը (այդ թվում սիրտը) տեղակայված է կրծքավանդակի աջ կեսում։
Սրտի նման տեղակայումը հեմոդինամիկ շեղումներ չի առաջացրել. երեխան ունի կառուցվածքային առողջ սիրտ։
Երեխան ուղեգրվել է թոքաբանի և օրթոպեդի խորհրդատվության, իսկ «Նորք-Մարաշ» ԲԿ-ում կլինի դինամիկ հսկողության տակ։