Պատմությունը ողբերգականորեն կրկնվելու հատկություն ունի. մենք ականատես ենք լինում մերօրյա ցեղասպանության, մինչդեռ մեդիա դաշտ լռում է սրա մասին: Այս մասին ուղերձում ասել է հոլիվուդյան աստղ Մել Գիբսոնը՝ անդրադառնալով Արցախից տասնյակ հազարավոր բնակիչների բռնի տեղահանմանը:
«Հայ ժողովուրդը, որը դարեր շարունակ իր հավատքի պատճառով ենթարկվել է հետապնդման, ևս մեկ անգամ դաժան էթնիկ զտման արշավի զոհ է:Թուրքիան և Ադրբեջանը աննկարագրելի վայրագություններ են իրականացնում հայերի նկատմամբ՝ սով, հարկադիր տեղահանություն, սպանություններ, առաջին անհրաժեշտության իրերի հասանելիության մեկուսացում։ Սրանք նույն հայերն են, որոնց արմատներն այնքան խորն են այն հողում, որը նրանք անվանում են հայրենիք և որտեղ ապրել են սերունդներով։ Ես կոչ եմ անում միջազգային հանրությանն անհապաղ գործողություններ ձեռնարկել, հայերին մեկնել օգնության ձեռք, որի կարիքն այժմ նրանք շատ ունեն, և հումանիտար միջանցք ստեղծել նրանց անվտանգ տեղափոխման համար: Հայ ժողովրդին, որը դեռ տառապում է, ես ասում եմ ՝ մի հուսահատվեք, Աստված ձեզ հետ է», – նշել է նա։