Կարպիս փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վազգեն Մանուկյանին շատ հարգում եմ, բայց քաղաքական պայքարի արդյունավետությունից ելնելով, նա չպետք է առաջապահ դիրքեր զբաղեցնի բարիկադներում։ Չի ստացվում արդեն որերորդ անգամ և չի էլ ստացվելու։
Ընդհանրապես անհրաժեշտ է հրաժարվել նաև կոմիտեներ և տարատեսակ այլ սպառված հասկացություններ ստեղծել-վերստեղծելու գայթակղությունից։ Հայաստանի պատմության մեջ արդեն մեկ անգամ եղել է կոմիտե, որն էլ առաջորդել և հաղթական հանգրվանի է հասցրել Ղարաբաղյան շարժումը։
Բայց պատմությունը չի կրկնվում, դեռևս որևէ մեկին չի հաջողվել անցյալից մեխանիկորեն կտորներ պոկել ու գործարկել ներկայում։ Քաղաքականությունն այդպես չի աշխատում։ Դա միֆ է։
Ղարաբաղ կոմիտեն ուներ իր ժամանակն ու իր մարդկանց։ Եվ խնդիրը միայն առաջնորդների մեջ չէ։ Այլևս չկա «Պերեստրոյկայի» ինդուստրիալ մարդը։ Ամենևին էլ չեմ պնդում, թե սովետական ինժեները ավելի լավն էր, քան արդիության մարդը։ Բնականաբար ո՛չ։ Պարզապես անհրաժեշտ է հասկանալ, որ գործ ունենք բոլորովին այլ իրականության հետ։ Փոխվել են հասարակությունները, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և մնացյալ երկրների շահերը, ուրիշ է նաև Ադրբեջանը ու միայն մենք չենք ուզում փոխվել մեր Վազգեն Մանուկյանի հետ միասին։
Նույն տեքստերը, նույն հռետորաբանությունը»։