
Հայաստանում առաջին անգամ ելույթ կունենա աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիքյանը, որի համերգները տեղի կունենան հոկտեմբերի 13-ին եւ 14-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Համերգի կազմակերպիչ TM ընկերությունը հայտնում է, որ դրանից ստացված հասույթն Արա Մալիքյանն ու փրոդաքշնը ուղղելու են «ի նպաստ բռնի տեղահանված արցախահայության»։
Երաժիշտը Հայաստան է գալիս համաշխարհային համերգաշարի շրջանակում։
«Ինձ համար պատիվ եւ մեծ ոգեւորություն է այսքան սպասումից եւ կուտակված մեծ ցանկությունից հետո գնալ Հայաստան՝ հայրենիք, եւ ելույթ ունենալ իմ ժողովրդի համար»,-ավելի վաղ, անդրադառնալով հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը, գրել էր երաժիշտը։