Լոնդոնում մեկնարկել է Մադոննայի Celebration շրջագայությունը, որը հետաձգվել էր այն բանից հետո, երբ երգչուհին առողջական խնդիրների պատճառով հայտնվել էր հիվանդանոցում։ Daily Mail-ը փոխանցում է՝ Մադոննան խոստովանել է, որ «չէր կարծում` կկարողանար դա անել», երբ հիվանդանոցում մահամերձ վիճակում էր։
65-ամյա փոփ թագուհին կատարել է 45 երգից բաղկացած հավակնոտ երգացանկ՝ Գրինվիչի O2 Arena-ում նշելով իր 40-ամյա կարիերան:
Հունիսին երգչուհուն գտել էին ընկած՝ Նյու Յորքի իր բնակարանի հատակին, որից հետո շտապ տեղափոխել էին հիվանդանոց։ Աստղի մենեջերը հայտնել էր, որ Մադոննայի մոտ «լուրջ բակտերիալ վարակ է զարգացրել», որի պատճառով նա մի քանի օր անցկացրել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Հաղորդվում էր, որ հիվանդությունն ի հայտ էր եկել այն պատճառով, որ կատարողն իրեն չէր խնայել հյուրախաղերի նախապատրաստման ժամանակ։ Մասնավորապես, նա օրական 12 ժամ փորձեր է արել։
Հիվանդության պատճառով արտիստը հետաձգել էր Celebration շրջագայությունը, որի առաջին համերգները պետք է կայանային հուլիսին, սակայն, ի վերջո, դրանք տեղափոխվեցին աշուն։
Նրա ընտանիքի անդամները նշել էին, որ «պատրաստ էին վատագույնին»՝ վախենալով, որ կկորցնեին նրան։
Իր ելույթի ժամանակ Մադոննան խախտել է լռությունը՝ երկրպագուներին ասելով, որ նա մոռացել է իր կյանքի «այդ 5 օրերը»։
«Ես մոռացել եմ իմ կյանքի կամ մահվան այդ օրերը։ Չգիտեմ՝ որտեղ էի, բայց հրեշտակներն ինձ պաշտպանում էին։ Երեխաներս եւս կողքիս էին, նրանք ինձ միշտ փրկում են։ Ինչպե՞ս հաղթահարեցի այդ ամենը՝ մտածեցի, որ ես պետք է լինեմ իմ երեխաների կողքին, պետք է ապրեմ՝ հանուն նրանց»,-հավելել է երգչուհին։