Ամերիկահայ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) The Guardian-ի հետ զրուցել է իր առաջիկա՝ Christmas նոր ալբոմի, քաղաքականության ու իր հայկական արմատների մասին։ 77-ամյա երգչուհու նոր ձայնասկավառակը թողարկվելու է հոկտեմբերի 20-ին։ Ինչպես վստահեցրել է արտիստը՝ «Այն ամեն վայրկյան չի գոռալու Սուրբ Ծննդյան մասին եւ չի ներառելու երգեր, որոնց վերնագրերը ծանոթ են բոլորին»։ Նա հավելել է, որ երգերի կեսը նոր են։
Պարբերականն անդրադարձել է նաեւ Շերի՝ քաղաքական գրառումներին՝ նշելով, որ երգչուհին «սարսափում է» այն մտքից, որ Թրամփը կարող է վերադառնալ իշխանության։ «Եթե նա վերադառնա, ո՞վ գիտի, այս անգամ ես կհեռանամ երկրից»,-ասել է նա։
Շերն X-ի իր էջում կիսվել էր պրոդյուսեր Էրիկ Էսրաելյանի՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին գրառմամբ։ Կայքը գրում է՝ «նա հերթական փոթորիկն է բարձրացրել այն խնդիրների մասին, որոնց բախվում են հայերը՝ հարեւան Ադրբեջանի կողմից սպառնալիքների ալիքների պատճառով»:
Շերի հայրը հայ էր, եւ թեեւ նա այնքան էլ մտերիմ հարաբերություններ չուներ նրա հետ, Երեւան կատարած իր այցից հետո նա այդ երկրի հետ իր սերտ կապը հաստատեց, գրում է պարբերականը։
«Երբ հասա այնտեղ, մտածեցի՝ վա՜յ, բոլորն ինձ նման են: Ինչպե՞ս կարող էի ես ուժեղ զգացումներ չունենալ դրանից հետո»,-անդրադառնալով Հայաստան կատարած իր այցին՝ նշել է երգչուհին: