Ի հեճուկս կարծրատիպերի՝ կարտոֆիլը ավելի շուտ օգտակար, քան թե վնասակար մթերք է։ Այս մասին ասել է բժիշկ-սննդաբան Տատյանա Մեշչերյակովան։
Նրա խոսքով՝ ամեն բան կախված է պատրաստման ձեւից եւ սպառման ծավալից, տեղեկացրել է Life.ru-ն։ Օրական երաշխավորվող չափը մեծահասակ մարդու համար 150-200 գրամ է, կարտոֆիլի գարնիրը արժե օգտագործել շաբաթը երկու-երեք անգամից ոչ ավելի։
«Արժե նախապատվությունը տալ խաշված կամ ջեռոցում պատրաստված կարտոֆիլին, այն այդ դեպքում ավելի շատ օգուտ եւ 65-80 կիլոկալորիա կբերի 100 գրամ օգտագործման դեպքում։ Բացառություն է կազմում հատուկ սննդակարգը դիաբետ ունեցող մարդկանց համար. այս դեպքում կարտոֆիլը սահմանափակվում է կամ բացառվում լիովին (արյան մեջ շաքարի բարձրանալը սահմանափակելու նպատակով)»,- նշել է փորձագետը։
Մեշչերյակովակի խոսքով՝ կարտոֆիլը հիանալի համադրվում է օսլա չպարունակող այլ բանջարեղենների, կանաչիի, մսի ոչ յուղոտ տեսակների, թռչնամսի եւ ձկան հետ։ Իսկ «յուղոտ» տարբերակները՝ ֆրի, չիփս, տապակած կարտոֆիլ, ավելի լավ է չօգտագործել։
Շատերը զգուշանում են կարտոֆիլի օսլայից. Եվ իզուր. այն սուբստրատ է աղիների միկրոֆլորայի համար։ Ամիլոպեկտինը նրա բաղադրությունում չմարսվող բջջանյութ է, որը միկրոբիոմի սննդի եւ լավ գործելու աղբյուր է ծառայում, հենց նա է պատասխանատու մի շարք վիտամինների, նեյրոհորմոնների արտադրման համար, պաշտպանում է աղիքային վարակներից, նպաստում հանքանյութերի մարսմանը եւ ֆերմենտների ակտիվացմանը բարակ եւ հաստ աղիներում։
Հաճախ գյուղական վայրերի բնակիչները կարտոֆիլը երկար ժամանակ նախապատրաստում են նոր բերքի համար։ Բայց իրականում այդ բանջարեղենի պահպանման ժամկետը, որպեսզի նրա օգտակար հատկությունները չկորչեն, մինչեւ կես տարի է՝ բերքը հավաքելու պահից սկսած։ Գարնանը կարտոֆիլը ոչ միայն կորցնում է իր արժեքավորությունը, այլեւ կարող է վնաս հասցնել օրգանիզմին։
Բանն այն է, որ երկար պահելու դեպքում վերին շերտում առաջ է գալիս սոլանին նյութը (բուսական գլիկոզիդ, որը թույլ է տալիս բույսին պաշտպանել իրեն վնասատուներից)։ Այն ամենից շատ պարունակվում է կանաչ զանգվածում եւ կարտոֆիլի կանաչ պտուղներում, ավելի քիչ՝ արմատապտուղներում։ Սոլանինով թունավորումը ներկայում հազվադեպ է հանդիպում, բայց արժե իմանալ այդ առանձնահատկության մասին։ Ուստի, սննդաբանը խորհուրդ է տալիս դեն նետել կանաչած կարտոֆիլները։