«Ժողովուրդ». Կառավարական կաբինետում սպասողական վիճակ է. նախարարներին փոխարինող չեն գտնում
Advertisement 1000 x 90

«Ժողովուրդ». Կառավարական կաբինետում սպասողական վիճակ է. նախարարներին փոխարինող չեն գտնում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարական կաբինետում արդեն տեւական ժամանակ է՝ սպասողական ու լարված վիճակ է:

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ վաղուց էր գրել, որ ավագանու ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը մտադիր է անգործություն ցուցաբերած նախարարներին պաշտոնանկ անել: Գրել էինք նաեւ, որ «սեւ ամպեր» են կուտակվել սոցապնախարար Նարեկ Մկրտչյանի, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխին:

Բանն այն է, որ Փաշինյանը համարում է՝ այս նախարարները ողջ ընթացքում անգործություն են ցուցաբերել ու տապալել են իրենց ոլորտը: Հակոբ Սիմիդյանը, բացի շրջագայություններից, իր ոլորտում ոչինչ չի արել, Նարեկ Մկրտչյանը նույնպես տապալել է իր ոլորտը, թեեւ գեղեցիկ խոսում, նկարագրում է, հիմա էլ, մասնավորապես, բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծումներն են ձախողված համարվում, իսկ Սանոսյանը ոչ միայն անգործություն է ցուցաբերել, այլեւ նախարարությունը դարձրել է իր գյուղի ակումբը:

Բանն այն է, որ Փաշինյանին այս ընթացքում դժգոհություններ են հասցրել, որ Սանոսյանը ՏԿԵ նախարարությունում իր ծանոթներին, համագյուղացիներին է տեղավորել, որոնք, առհասարակ, կապ չունեն ոլորտի հետ: Կարճ ասած, զերո պատասխանատվություն: Նիկոլ Փաշինյանի սեւ ցուցակում է հայտնվել նաեւ Անահիտ Ավանեսյանը, որը, սակայն, արդեն համակերպվել է, որ շուտով հրաժեշտ է տալու իր պաշտոնին, ու ջանք էլ չի գործադրում ոլորտում աչքի ընկնելու, որևեւէ բան փոխելու համար: Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը մտադիր է հեռացնել այս նախարարներին, բայց խնդիրն այն է, որ իր թիմում նրանց փոխարինողներ դեռ չի գտնում:

Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ՔՊ-ականների մեծ մասն ընդամենը օգնականի կամ խորհրդականի պաշտոններ զբաղեցրած, աշխատանքային ոչ հարուստ փորձով, ոչ պրոֆեսիոնալ մարդիկ են: Տեխնոկրատ, բանիմաց մասնագետներն իրենց տեղը չեն գտնում պետական համակարգում. այն դեգրադացված է»:



Նման նյութեր