Թեհրանի բժշկական համալսարանի գիտնականները պարզել են, որ ճիշտ սնունդը կարող է նվազեցնել թոքերի այնպիսի վտանգավոր հիվանդությունների ռիսկը, ինչպիսիք են թոքաբորբը և քաղցկեղը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMC Public Health-ում:
Հետազոտությանը մասնակցել է թոքերի հիվանդություններ ունեցող 84 մարդ և 252 առողջ կամավոր: Գիտնականները փորձել են կապ գտնել սննդակարգի և ԹՔՕՀ-ի՝ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության ռիսկի միջև, որը բնութագրվում է շնչուղիների բորբոքումով և բրոնխների այտուցմամբ: ԹՔՕՀ-ը հաճախ ուղեկցվում է այնպիսի բարդություններով, ինչպիսիք են թոքաբորբը, թոքերի քաղցկեղը և սրտանոթային հիվանդությունները:
Փորձարկվողներին խնդրել են հիշել, թե ինչ են կերել տարվա ընթացքում և լրացնել հարցաթերթիկներ: Պարզվել է, որ ծանր ԹՔՕՀ-ով հիվանդներն ավելի շատ հացահատիկ են օգտագործել, քան թեթև ԹՔՕՀ-ով հիվանդները: Բացի այդ, մրգերը, ամբողջական ձավարեղենը, բանջարեղենը, ընկույզը, հատիկաընդեղենը, երկար շղթայով օմեգա-3 ճարպերը և պոլիչհագեցած ճարպաթթուները նվազեցնում են ԹՔՕՀ-ի բարդությունները, որոնցից են քաղցկեղը և թոքաբորբը:
Գիտնականները նշել են, որ առողջ սննդակարգը կարող է ԹՔՕՀ-ի կանխարգելման արդյունավետ մեթոդ լինել: Այս բացահայտումները հաստատելու և այս բացահայտման հիմքում ընկած մեխանիզմներն ավելի լավ հասկանալու համար անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ: