Վիրաբույժ Էրին Նենսը Նյու Յորքի Լենոքս Հիլ հիվանդանոցից բացատրել է, որ ինսուլտին բնորոշ ախտանիշները, ինչպիսին են մարմնի մեկ կողմի կաթվածը եւ անհասկանալի խոսքը, կանանց մոտ կարող են չնկատվել։ Արժե ուշադրություն դարձնել այնպիսի նշանների վրա, ինչպիսին են սրտխառնոցը, ստամոքսի խանգարումը եւ շնչարգելությունը, տեղեկացրել է DailyMail-ը։
Բժիշկը նշել է, որ ԱՄՆ-ում ինսուլտից մահացու ելքերի 60 տոկոսը բաժին է ընկնում կանանց։ Ամենայն հավանականությամբ դա կապված է այն բանի հետ, որ այդ վիճակի նշանները տղամարդկանց եւ կանանց մոտ տարբեր են։ Դասական ախտանիշները, ինչպիսին են մարմնի մեկ կողմի կաթվածը, անհասկանալի խոսքը եւ դեմքի ասիմետրիան, ավելի հաճախ հանդիպում են տղամարդկանց մոտ։ Որոշ դեպքերում բժիշկները չեն կարողանում պարզել ինսուլտը եւ սխալմամբ կին պացիենտների մոտ ախտորոշում են միգրեն։
Կանայք կարող են ունենալ գիտակցության խառնափնթորություն կամ ապակողմնորոշում, գլխացավ եւ թուլություն։ Տագնապալի ախտանիշներ են նաեւ սրտխառնոցը, ուշաթափությունները եւ ջղակծկումները։
Նենսն ավելացրել է, որ ինսուլտը կարող է ի հայտ գալ տարբեր ձեւերով՝ դեպի ուղեղ տանող արյունատար անոթների չափի տարբերությունների հետեւանքով։ Ուղեղի այն մասերը, որոնք ախտահարում է ինսուլտը, նույնպես կարող են տարբեր լինել տղամարդկանց եւ կանանց մոտ։