Բրիտանացի ատամնաբույժ Սուրինա Սեգալը նշել է, որ սպիտակեցնող մածուկների, գազավորված ըմպելիքների օգտագործումը եւ ատամների ոչ ճիշտ մաքրումը կարող են վատացնել ատամների արտաքիին տեսքը եւ վնասել էմալը։ Այս մասին տեղեկացրել է Daily Mail-ը։
Բժիշկը բացատրել է, որ ատամները սպիտակեցնող մածուկները պարունակում են շատ փոքր աբրազիվ (ամուր) մասնիկներ, որոնք արդյունավետ մաքրում են ատամները։ Բայց եւ այնպես, այդ մասնիկները քերծում են ատամների մակերեսը եւ նպաստում միկրոճաքերի առաջացմանը։ Այդ միջոցների մշտական օգտագործումը «մաքրում» է էմալը եւ մերկացնում դենտինը՝ դեղնավուն ամուր հյուսվածքը, որը նրա հիմնական մասն է։
Հետեւանքների կարող է հանգեցնել նաեւ ատամների ոչ ճիշտ մաքրումը։ Ատամնաբույժը նշել է, որ չարժե չափազանց ինտենսիվ ճնշում գործադրել ատամների վրա խոզանակով։ Այդ գործողությունները ժամանակի ընթացքում կարող են հանգեցնել էմալի քայքայման եւ դենտինի շերտի մերկացման, ինչի պատճառով ատամները ավելի դեղին կերեւան։
Սեգալն ավելացրել է, որ ատամների գեղեցկության եւ առողջության պահպանման համար խորհուրդ է տրվում սահմանափակել գազավորված ըմպելիքների օգտագործումը։ Այդ ըմպելիքները վատ են ազդում իրենց թթու բնույթի պատճառով։ Թթուները քայքայում են էմալը եւ առաջ բերում հազիվ նկատելի խորություններ՝ էրոզիաներ։
Չարժե նաեւ փորձել ատամները սպիտակեցնել տնային միջոցներով, ինչպիսին է սոդան, քանի որ դա կարող է առաջ բերել միկրոճաքեր։ Այդ ճաքերում ժամանակի ընթացքում կարող են գունավորող մթերքների պիգմենտներ հայտնվել, ինչպիսին են գազարը եւ սուրճը, եւ ատամները ձեռք կբերեն դեղին երանգ ու կդառնան զգայուն։