NASA-ն ավարտել է նոր սերնդի հրթիռային իր ամենահզոր էլեկտրական շարժիչի որակավորման փորձարկումները։ Դրա հզորությունը 12 կՎտ է։ Համեմատության համար նշենք, որ մինչ այս ամենահզոր էլեկտրական հրթիռային շարժիչը 4,5 կՎտ է եղել։
Aerojet Rocketdyne-ի նախագծած և արտադրած նոր շարժիչը, որը հայտնի է որպես AEPS (Advanced Electric Propulsion System), կլինի Gateway լուսնային ուղեծրային կայանի հիմնական բաղադրիչը, որը նախատեսված է ուղեծիրը պահպանելու և ուղղելու համար: Gateway Station-ը կօգտագործվի դեպի Լուսնի մակերեսին առաքելությունների և դեպի Մարս թռիչքներ կատարելու նպատակով տիեզերանավեր հավաքելու համար:
Gateway կայանի շարժիչներից առաջինը Քլիվլենդում գտնվող Գլենի անվան NASA-ի փորձարկման կենտրոն հանձնվել է այս հուլիսին: Շարժիչն արդեն անցել է կենտրոնի վիբրացիոն և վակուումային խցիկի փորձարկումները։
Երկրորդ շարժիչը որակավորման փորձարկման համար կենտրոն կբերվի 2024-ին և պլանավորվում է փորձարկել մղման ուժի այնպիսի ռեժիմներ, որոնք համարժեք են Gateway կայանը Լուսնի ուղեծիր դուրս բերելուն: Հրդեհային փորձարկումը կտևի մոտ 4 տարի կամ 23,000 ժամ, որի ընթացքում շարժիչը կստուգվի երկարատև ծանրաբեռնված ռեժիմով աշխատանքի պայմաններում։
Gateway կայանի համար նախատեսվում է երեք նման շարժիչ, որոնք կտեղադրվեն կայանի ուժային մոդուլի վրա (PPE, Power and Propulsion Element): Մոդուլը նախատեսվում է տիեզերք դուրս բերել 2025-ի նոյեմբերին SpaceX Falcon Heavy հրթիռով: Շարժիչները սնվելու են կայանի 60 կՎտ հզորությամբ արևային մարտկոցների համակարգից։
AEPS շարժիչներն աշխատում են Հոլի էֆեկտով և օգտագործում են քսենոն (2 տոննա քսենոնով մեկ բաքը կարող է բավարարել 15 տարվա աշխատանքի համար): Դրանք առանձնանում են իրենց բարձր արդյունավետությամբ և վառելիքի սահմանափակ պաշարներով երկար ժամանակ աշխատելու ունակությամբ, թեև բարձր մղման ուժ ստեղծելու ունակությամբ դրանք պարծենալ չեն կարող:
Ներկայումս գերմանական OHB ընկերությունը մշակում է քսենոնային լիցքավորման համակարգեր՝ Xenon Transfer System (XTS): Gateway-ի կյանքը երկարացնելու համար կարելի է ակնկալել, որ կայանը ժամանակ առ ժամանակ կվերալիցքավորվի: