Զվարճալի է եւ, միեւնույն ժամանակ, տխուր դիտել մի խումբ նախանձ եւ կիսատ մարդկանց ու զրպարտողներին: Այս մասին Ալլա Պուգաչովան գրել է Instagram-ի իր էջում՝ պատասխանելով իր հասցեին հնչող քննադատություններին։
«Դուք այնքան ծիծաղելի եք: Ի դեպ, հենց ձեզ եմ ես անվանել ստրուկներ, ժողովուրդն այս ամենի հետ կապ չունի, նրանք ներկա իրավիճակի պատանդն են։ Ես սիրում եմ ազգին եւ խղճում նրան, իսկ դուք իմ հասցեին արված տհաճ հայտարարություններով, անհեթեթ հերյուրանքներով ու բացահայտ ստերով փորձում եք ինձնից օտարել մարդկանց, որոնց համար ես ողջ կյանքս ապրել ու երգել եմ՝ զոհաբերելով իմ առողջությունն ու անձնական կյանքը։
Դուք հաջողության չեք հասնի, որքան էլ փորձեք: Այնպես որ, մի վատնեք ձեր էներգիան եւ գումարները՝ ինձ ոչնչացնելու կամ իմ կյանքն ու աշխատանքը արժեզրկելու անօգուտ փորձերի վրա: Իմ՝ միլիոնավոր երկրպագուների բանակն ինձ չի դավաճանի։
Ես ավարտել եմ իմ առաքելությունը, երկար ժամանակ չեմ երգում, եւ տիեզերքն է տնօրինում իմ ճակատագիրը: Ու կարիք չկա գլխիս մազերը հաշվելու (շնորհակալություն, որ Չեռնոբիլից հետո, գոնե, մի բան մնաց)։ Իսկ իմ հոգնած ձայնը դեռ հնչում է՝ հաշվի առնելով, որ կես դար, չնայած հիվանդություններին, ես վազում էի իմ սիրելի հանդիսատեսի մոտ եւ ամեն ինչ անում նրանց ուրախացնելու համար։ Եվ ոտքերս են քայլում, եւ աչքերս են տեսնում, եւ ականջներս են լսում:
Դուք իմ փողե՞րն եք հաշվում: Այո, ես քրտնաջան աշխատել եմ, ես դրանք վաստակել եմ՝ ի տարբերություն նրանց, ովքեր բաց թողեցին ու «խմեցին» իրենց աստղային ժամը, բայց առանց ապացույցների պնդում են, թե Ալլա Պուգաչովան «փակել է» իրենց օդը: Որքան հարմար է այդպես, չէ՞:
Եվ, այո, փողի մեջ չէ երջանկությունը: Ազատությունը գլխավոր հարստությունն է։ Եվ ես դա փայփայում եմ, դրանով եմ ապրում ու կփորձեմ ապրել մինչեւ լույսը կհաղթի խավարին, բարին՝ չարին, ճշմարտությունը՝ զրպարտությանը։ Շարունակում ենք ապրել:
Հ.Գ. Ես մի անգամ Յարոսլավ Դրոնովին խնդրեցի ասել մեկ կարեւոր արտահայտություն, որը հիմա ինքս էլ կասեմ, թեեւ ինձ ոչ ոք չի խնդրում. «Դուք նորից կլսեք իմ մասին»: Ուզում եք դա, թե ոչ, կյանքը ցույց է տալիս, որ ես դեռ ձեր սրտերում եմ»,-նշել է երգչուհին։