Մենք հետաքրքրվեցինք, թե Ազգային ժողովի՝ վաղամեռիկ պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի մանդատը ում է անցել եւ ինչով է նա աչքի ընկել անցյալում։ Այսօր մանդատ ստացած ՔՊ-ական Տիգրան Պարսիլյանը, պարզվում է, անցյալում հայտնվել է սկանդալների մեջ։ Պարսիլյանը 2018 թ․-ի իշխանափոխության օրերին բերման է ենթարկվել ոստիկանության, ապա Մասիսի քննչական բաժին՝ մի քաղաքացու վրաերթի ենթարկելու կասկածանքով։ Այս մասին գրում է hraparak.am-ը։
«Ինձ տարան քննչական, պարզվեց, որ ես որպես վկա եմ այնտեղ: Հիմա իմ մեքենան ինձ չեն տալիս, անընդհատ ասում են՝ հիմա քննչականի հետ կճշտենք այդ հարցը, այսօրվա մեջ զննումը կանցկացնենք հետ կտանք: Ասում եմ՝ գոնե բանալիներս տվեք, հանգիստ լինեմ, որ մեքենայիս մեջ դիտավորյալ ոչինչ չի դրվի, բայց չեն տալիս»,- բերման ենթարկվելու օրը ասել էր Տիգրան Պարսիլյանը։
Քննչական կոմիտեից չցանկացան բանավոր պատասխանել, թե ինչ կարգավիճակ ունի նորաթուխ պատգամավորը, նրա նկատմամբ այդ ժամանակ քրեական վարույթ նախաձեռնվե՞լ է, եթե ավարտվել է վարույթը, ապա ի՞նչպես։ Իշխանափոխությունից անմիջապես հետո նա Արարատի փոխմարզպետ է նշանակվել եւ կարելի է ենթադրել, թե վրաերթի պատմությունն ինչպես է ավարտվել։
Պարսիլյանը մի պատմությամբ էլ է լրատվամիջոցներում հայտնվել՝ արդեն փոխմարզպետ եղած ժամանակ։ Ըստ մամուլի՝ Նիկոլ Փաշինյանի Մասիս կատարած հերթական այցից հետո այդ ժամանակ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ծեծել էր իր տեղակալ Պարսիլյանին, ով հանդգնել էր իր ղեկավարին հակառակ կարծիք հայտնել։ Իհարկե, Պարսիլյանը հերքել էր այդ տեղեկությունները՝ նշելով, թե ինքը կուսակցության հիմնադիր-անդամներից, գաղափարը կրողներից մեկը, եւ որևէ մեկը, թեկուզ հակառակ կարծիքի համար երբեք չի համարձակվել ինչ-որ բան ասել իրեն։ Բայց այս պատմությունը լայնորեն լուսաբանվել է այդ օրերի մամուլում։