ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Քիմ Քարդաշյանին անվանել է «աշխարհի ամենագնահատված աստղը»՝ հերքելով Ջոնաթան Կառլի՝ «Հոգնել ենք հաղթանակից» նոր գրքում իրենց միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին պնդումները։
«Գրքում նշված է, թե աշխարհի ամենագերագնահատված հայտնի դեմքը՝ Քիմ Քարդաշյանը, իբր ասել է ինձ, որ կօգտագործի իր համբավը՝ ֆուտբոլի աստղերին Սպիտակ տուն բերելու համար, եթե ես մեղմացնեմ տարբեր բանտարկյալների պատժամիջոցները»,-իր Truth սոցիալական ցանցում գրել է Թրամփը. «Այս պատմությունը կեղծ է, քանի որ նա (Քիմ Քարդաշյանը – խմբ.) վերջին մարդը կլիներ, ում ես կխնդրեի ներգրավել ֆուտբոլիստներին»:
Միաժամանակ Թրամփը գովաբանել է Քարդաշյանի նախկին ամուսնուն՝ Քանյե Ուեսթին։ «Ես, իսկապես, օգնեցի, որ պատժամիջոցները մեղմացվեն, բայց միայն այն մարդկանց դեպքում, ովքեր արժանի էին դրան, եւ դա ավելի շատ կապված էր Քանյե Ուեսթի հետ, քան Քիմի, ով, հավանաբար, քվեարկել է ստախոս Ջո Բայդենի օգտին, եւ տեսեք, թե ինչ խառնաշփոթի մեջ է հիմա մեր երկիրը»,-հավելել է ԱՄՆ նախկին նախագահը:
Քարդաշյանը 2018 թ-ին հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում, երբ Թրամփի հետ հանդիպեց նրա Օվալաձեւ աշխատասենյակում՝ քննարկելու բանտային բարեփոխումները: Հանդիպումից օրեր անց Թրամփը ներում շնորհեց Էլիս Ջոնսոնին, ով ցմահ բանտարկություն էր կրում՝ թմրամիջոցների օգտագործման ու փողերի լվացման մեղադրանքով։
Ըստ Կառլի գրքի՝ այն բանից հետո, երբ Թրամփը լքել է Սպիտակ տունը, Քարդաշյանը կրկին դիմել է նախկին նախագահին՝ նրա աջակցությունը ստանալու համար:
«Ոչ, իհարկե։ Դուք քվեարկել եք Բայդենի օգտին, իսկ հիմա ինձնից լավությո՞ւն եք խնդրում»,-գրողի խոսքով՝ ասել է նախկին նախագահը։ «Եվս մի քանի կծու խոսքերից հետո կապը խզվել է։ Թրամփն ընդհատել է հեռախոսազանգը»։
Ինչպես նշել է Կառլը, թեեւ Քարդաշյանը երբեք հրապարակայնորեն աջակցություն չի հայտնել Սպիտակ տան՝ 2020 թվականի թեկնածուին, նա նոյեմբերի ընտրություններից օրեր անց սոցցանցերում սրտի տեսքով էմոջիներ է տեղադրել այն ժամանակ նորընտիր նախագահի եւ Քամալա Հարիսի լուսանկարի ներքո։
2021 թվականին Քարդաշյանն ասել էր․ «Ես հավատում եմ այն իրավունքներին, որոնք ցանկանում են դեմոկրատները, բայց եւ հավատում եմ այն հարկերին, որոնք ցանկանում են հանրապետականները»։