Hermès-ի կայսրության ժառանգորդ՝ 80-ամյա Նիկոլաս Պյուեն ցանկանում է իր կարողությունը կտակել իր տան աշխատողներին։ Ֆրանսիական հայտնի նորաձեւության տան ամենախոշոր բաժնետերը, որի կարողությունը գնահատվում է 11,2 մլրդ դոլար, չունի կին ու երեխա։
Թիերի Հերմեսի հինգերորդ սերնդի հետնորդ Պյուեն ցանկանում է որդեգրել իր օգնականին։
Խոսքը 51-ամյա մարոկկացու մասին է, որը ֆրանսիացի միլիարդատիրոջ մոտ սկզբում աշխատել է որպես այգեպան, հետո դարձել նրա վարպետը եւ, ի վերջո, մենեջերը։ Ի տարբերություն իր գործատուի՝ նա ունի կին եւ երկու երեխա, որոնք ընտանիքի նման են Պյուեի համար։ Չնայած ընտանիքի հետ արյունակցական կապերի բացակայությանը՝ Պյուեն նրան համարում է իր ժառանգն ու հետնորդը եւ որոշել է որդեգրման ընթացակարգ սկսել, գրում է Geneva Daily-ն։
Գործն արդեն ընթացքի մեջ է, եւ հենց որ իրավական ձեւակերպումներն ավարտվեն, մարոկկացին կդառնա նրա օրինական որդին եւ ժառանգը՝ հասանելիություն ստանալով Նիկոլաս Պյուեի հսկայական կարողության առնվազն կեսին։
Պյուեն լքել է Hermès-ի տնօրենների խորհուրդը 2014 թվականին, սակայն դեռեւս նրան է պատկանում ընկերության բաժնետոմսերի 5,7%-ը: