Ֆրանսիական Marie Claire ամսագիրը հայ կանանց մասին նյութ է հրապարակել։ Շուրջ վեց էջ նվիրված է Հայաստանի համար դժվարին ժամանակներում դիմադրություն ցուցաբերող մեր հայրենակիցներին։
Լրագրություն, իրավունք, մշակույթ, բիզնես, խոհարարություն, ինչպես նաեւ գոյատեւելու արվեստ. այս բոլոր ոլորտներն ակտիվորեն զարգացնում են վեց հայ կանայք։ Նրանց ծրագրերը, ինչպես նաեւ գործունեությունը, ուղղակիորեն, ազդում են արցախցի իրենց հայրենակիցների կյանքի վրա։
Հունվարի թողարկման հերոսուհիներն են արցախցի լրագրող Սիրանուշ Սարգսյանը, ում՝ ադրբեջանական «հակաահաբեկչական գործողության» մասին տեսանյութը առաջին օրերին տարածվեց սոցցանցերում, Շուշան Քեշիշյանը, որը HubArtsakh-ի ղեկավարն է, լիբանանահայ խոհարար Ալին Քամաքյանը, որը Բեյրութում «Մայրիգ» ռեստորանի հիմնադիրն է, Անուշ Բաղդասարյանը, որը rerooted նախագծի հիմնադիրն է, Նաիրի Խաչատուրյանը՝ արվեստի համադրող եւ AHA Collective-ի հիմնադիր, ինչպես նաեւ՝ Աշխեն Վարդանյանը, ով հաճախում է VOMA կենտրոն, որտեղ սովորեցնում են գոյատեւման արվեստը:
Տեքստը պատրաստել է Քարտին Դյուրանդը։ Լուսանկարներն արվել են Ռեբեկա Թոփաքյանի կողմից:
Համարը կարելի է ձեռք բերել ինչպես առցանց, այնպես էլ տպագիր տարբերակով։