2023 թվականի Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր, նորվեգացի գրող Յուն Ֆոսեն սխալ է գրել «գրականություն» բառը՝ գրելով այն մեկ «t»-ով նորվեգական ուղղագրությամբ պահանջվող կրկնակի «t»-ի փոխարեն (litteratur): Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Verdens gang պորտալին հղումով:
Դա տեղի է ունեցել, երբ Ֆոսեն, հետևելով ավանդույթին, Նոբելյան թանգարանի ռեստորանում ստորագրում էր աթոռի վրա։ Նրանից առաջ նույն աթոռի վրա իր ինքնագիրն էր թողել 2022 թվականի մրցանակակիր, ֆրանսիացի գրող Էննի Էռնոն։
«Հիմա տեսնում եմ, որ շտապելու հետևանքով սխալ եմ գրել: Ուղղակի տառասխալ է: Իհարկե, ես գիտեմ, թե ինչպես գրել «գրականություն» բառը նորվեգերենով, երևի անգլերենի ուղղագրությունը մի փոքր շփոթեցրեց», – մեկնաբանել է գրողը:
Անգլերենում «գրականություն» բառը գրվում է մեկ «t»-ով (literature):